Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ

Պաղեստինը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի դեմ
Քաղաքականություն
11:30, 07 октябрь 2023
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումն է սկսել Իսրայելի դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, հարձակումն ուղեկցվում է հրթիռային ակտիվ հարվածներով։


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել անվտանգության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։

ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը հայտարարել է գործողության մեկնարկի մասին՝ կոչ անելով պաղեստինցիներին ամենուրեք պայքարել:

«Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու օկուպացիային»,- ասել է նա՝ հավելելով, որ արձակվել է 5000 հրթիռ։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր ուժերը գործում են Գազայի հատվածում, սակայն մանրամասներ չեն հայտնել:
«Մի շարք ահաբեկիչներ Գազայի հատվածից ներթափանցել են Իսրայելի տարածք»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ՝ հավելելով, որ Գազայի հատվածին հարող տարածքի բնակիչներին հրահանգել են մնալ իրենց տներում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական զորքերը Գազայի հատվածի հյուսիսում հարձակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության ռազմական հենակետի վրա։ Հստակեցվել է, որ իսրայելական կողմից ոչ ոք չի տուժել։

Հուլիսի սկզբին իսրայելական բանակը զորքեր մտցրեց Պաղեստինի սահմանամերձ Ջենին քաղաք: Հիմնական հարվածն ընկել է ճամբարի վրա, որտեղ, ինչպես պնդում էին պաշտոնյաները, գտնվում էին ահաբեկիչները։ Ավելին, իրադարձությունները տեղի են ունեցել վիճելի տարածքում, որին հավակնում են հակամարտող երկու կողմերը։

Պաղեստինցիները փորձում են ապահովել, որ երկու երկրների միջև ապագա սահմանները հետևեն այն գծերին, որոնք գոյություն ունեին մինչև 1967 թվականի վեցօրյա պատերազմը, տարածքների հնարավոր փոխանակմամբ: Պաղեստինը ցանկանում է ստեղծել իր սեփական պետությունը Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում, իսկ Արեւելյան Երուսաղեմը դարձնել իր մայրաքաղաքը։ Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967 թվականի սահմաններին և բաժանել Երուսաղեմը։