Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանին ցանկացած ռազմական ոտնձգության պետք է տրվի համարժեք ռազմաքաղաքական պատասխան, որովհետև այդ կրակոցը քաղաքականություն է. քաղաքագետ

Սահմանին ցանկացած ռազմական ոտնձգության պետք է տրվի համարժեք ռազմաքաղաքական պատասխան, որովհետև այդ կրակոցը քաղաքականություն է. քաղաքագետ
Քաղաքականություն
17:30, 26 июль 2021
Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ, մամուլի խոսնակ Օմեր Չելիքը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և պաշտոնական Երևանին մեղադրել է, իբր, ագրեսիվ քաղաքականության մեջ։ 

«Հայաստանը չպետք է զբաղվի ինքնախաբեությամբ ու չտրվի այն շրջանակների հռետորաբանությանը, որոնք նրան մղում են սադրանքների՝ նման նրան, ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի Քելբաջարի շրջանում (Արցախի գրավյալ Քարվաճառի շրջան)»,- թվիթերյան իր էջում գրել է Չելիքը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ Չելիքը դատապարտել է ՀՀ-ի գործողությունները, որոնք, իբր, հանգեցրել են սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան։ 

«Երևանի ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար։ Հետևանքների համար նաև պատասխանատվություն են կրում այն ուժերը, որոնք Երևանին մղում են նման գործողությունների։ Այդ ուժերը միանշանակ չեն աջակցի Հայաստանին, երբ տրվի արժանի պատասխան։ Հայաստանի վիճակն ավելի է վատթարանում»,- գրել է Չելիքը։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի և «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանի հետ։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Թուրքիան կատարում է  իր դաշնակցային պարտավորությունները Ադրբեջանի առաջ, անկախ ամեն ինչից, անկախ նրանից՝ լավ բան է անում Ադրբեջանը, թե վատ, անկախ նրանից՝ կոնստրուկտիվ է, թե դեստրուկտիվ։  

«Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ Թուրքիան ամբողջությամբ սատարում է Ադրբեջանի գործողություններին և մեղքը բարդում է Հայաստանի վրա, մինչդեռ Հայաստանն ընդամենը  իրականացնում է իր ինքնապաշտպանության սրբազան իրավունքը, և թուրք պաշտոնյայի այս գնահատականը, կապված Քելբաջարի շրջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ, ուղղակի զուրկ է իրական հիմքից։ Այդ դատապարտումները Հայաստանի նկատմամբ ուղղակի հիմնված են կեղծ պատկերացումների վրա։ Վստահաբար, դա միտումնավոր կեղծիք է, այլ ոչ թե չիմացության արդյունք, և ցավալիորեն, այո՛,  մենք տեսնում ենք, որ Թուրքիան ևս, ինչպես Ռուսաստանը, ձգտում է Ադրբեջանին օգտագործել որպես բութ գործիք, որպեսզի հասնի իր համար բաղձալի 3+3 ձևաչափի գործարկմանը։ Դա նշանակում է՝ մինուս Արևմուտք, մինուս Հայաստանի սուվերենություն, և պլյուս՝ դա նշանակում է Հարավային Կովկասում Ադրբեջանի անվերապահ գերակայություն։ Եվ այս իմաստով Ադրբեջանի համար սա շատ կարևոր քաղաքական սատարում էր, որը Թուրքիան ցուցաբերել է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։   

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը, որն ունի Ռուսաստանի լիակատար սատարումը, այս սրացումներով փորձում է ստիպել Հայաստանին ինչ-որ փաստաթղթով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Բաքվի տարբերակով, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը համաձայնում է, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում որպես տարածք, իսկ արցախցիները պետք է հանձնվեն Ադրբեջանի ողորմածությանը։ 

«Սա է պահանջվում մեզանից։ Ընդ որում, մենք պետք է հասկանանք, որ  Ալիևը տվյալ դեպքում սատարում է ստացել նաև Մոսկվայից, որովհետև Մոսկվան ևս կողմնակից է այդ 3+3 ձևաչափին, Մոսկվան էլ իր ռազմավարությունն է ի կատար ածում, և ակնհայտ է, որ և՛ Թուրքիան, և՛ Մոսկվան, և՛ Բաքուն չափազանց շտապողականություն են ցուցաբերում այս իմաստով»,- ասաց քաղաքագետը։  

Խոսելով նաև սահմանային լարվածությունից՝ քաղաքագետն ասաց, որ սահմանին ցանկացած ռազմական ոտնձգության պետք է տրվի համարժեք ռազմաքաղաքական պատասխան, որովհետև այդ կրակոցը ոչ թե ուղղակի կրակոց է, այլ այդ կրակոցը քաղաքականություն է։

Նա նշեց, որ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտի, ինքնիշխան պետութան բոլոր իրավունքները և հնարավորությունները պետք է գործի դնի՝ օգտագործելով և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակը, ինչպես Կիպրոսն է հարց բարձրացրել, և՛ ԵԱՀԿ հարթակը, որովհետև սրանք գործողություններ են, որոնք խաթարում են ոչ միայն տարածաշրջանային, այլև եվրոպական անվտանգությունը, և իհարկե պաշտոնական Երևանը պետք է շատ լավ հասկանա մի բան, որ սա ռուսական կողմը գնահատել և գնահատելու է որպես սահմանային միջադեպ, դա իբր իրենց կոմպետենցիան չէ, և նրանք լվանում են իրենց ձեռքերը։

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՀԱՊԿ կոչված թյուրիմացությունը, և՛ ռուսները բացատրելու են, որ դրա պատճառն այն է, որ  սահմանները դելիմիտացված և դեմարկացված չեն, և սահմանին ռուս զինվորը կանգնած չէ, այ դրանից է, որ կրակում են և էլի են կրակելու, քանի դեռ այդպես է,  իսկ ռուսներն ասելու են, որ եթե մենք կանգնենք, ապա մեր քաղաքականությունները պետք է համաձայնեցված լինեն։ Պետք է հասկանալ, որ սա էլ արդեն Ռուսաստանի կողմից հետխորհրդային տարածքը իր բացառիկ ազդեցության տակ  վերադարձնելու ռազմավարության մի մաս է Հայաստանի մասով, և այո՛, Հայաստանն այսօր պատանդ է այս իրավիճակին, իսկ այս պատանդառությունից դուրս գալու համար պետք է գործուն քայլեր անել։ Ժամանակն է, որ այս ամենն ուղղակի բաց խաղաքարտերով շարունակվի, որովհետև առանց ռուսական կողմի բացահայտ ու լիակատար աջակցության Ալիևը խելքը հացի հետ չէր կերել, որ այս աստիճան լկտիանար։ Մենք նաև տեսնում ենք, որ Ռուսաստանի այս սատարումը լիովին խրախուսվում է Թուրքիայի կողմից»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։                                                    

Ռազմիկ Պետրոսյանն էլ, խոսելով սահմանային լարվածությունից, ասաց, որ Հայաստանի և Արևմուտքի մերձեցումը նույնպես կարող է իր ազդեցությունն ունենալ սահմանի լարվածության վրա։

Նա նույնպես նշեց, որ այս ամենում Ռուսաստանի գործոնն էլ կա, քանի որ հնարավոր չէր առանց նրա Ադրբեջանն իրեն այսքան լկտի պահեր։ 

«Այստեղ խորհելու խնդիր կա։ Կարևորն այն է, որ մեր զորքերն իրենց առջև դրված խնդիրը կատարում են։  Եվ համապատասխան պատասխանն ստանալուց կարճ ժամանակ հետո կհանգստանան։ Իրենք ամեն տեղ փորձում են թույլ տեղեր գտնել։ Արցախում հաջողություն են ունեցել, հիմա փորձում են ցույց տալ, որ իրենք ուժեղ են և ուժի առավելությունը ցույց տալու խնդիր ունեն։  Բայց որ ուղղությամբ քիթը կոտրվում է՝ այդ ուղղությունը դադարեցնում, շուռ են գալիս  ուրիշ ուղղությամբ. պրպտում են, ինչ-որ բան են փորձում՝ մինչև համապատասխան հարված ստանան»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։ 

Խոսելով նաև թուրք գործչի հայտարարության մասին՝ Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ այս հայտարարությունը ավելի շատ հաստատում է, որ այս սադրանքները հենց իրենց նախաձեռնությամբ են իրականացվում։

Նրա կարծիքով՝ նրանք էլ ոչ պակաս, քան Ռուսաստանը, երևի վատ են զգում Արևմուտքի վերաբերմունքից, իսկ մենք պիտի պատասխանենք, որ մենք մեր հույսը որևէ արտաքին ուժի վրա չենք դրել, չենք դնելու։

«Մենք ինքներս երբեք չենք սադրել, բայց որևէ սադրանք անպատասխան չի մնալու։ Այս հայտարարությունը ավելի շատ ներքին սպառման համար էր։ Իհարկե, Թուրքիան էլ է անհանգստացած, որովհետև Եվրոպան  վերջնականապես նրան ասաց, որ նա եվրոպական ընտանիքի անդամ երբեք չի կարող լինել, և դրանից հետո Եվրոպայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ,  իհարկե, իրենց մտածելու տեղիք պետք է տա»,- հավելեց Ռազմիկ Պետրոսյանը։

Լիլիթ Թադևոսյան