Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը ԵՄ-ի հետ այլ համաձայնագրեր ևս կստորագրի, մինչդեռ Ադրբեջանը ԵՄ-ի հետ համաձայնության չի հասնում»

«Հայաստանը ԵՄ-ի հետ այլ համաձայնագրեր ևս կստորագրի, մինչդեռ Ադրբեջանը ԵՄ-ի հետ համաձայնության չի հասնում»
Քաղաքականություն
16:51, 11 февраль 2021


Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը վստահություն հայտնեց, որ համաձայնագիրը լայն ճանապարհ կբացի Հայաստանի համար «Վերջերս Հայաստանը Եվրամիությունում արդեն իսկ մաքսային կցորդ է նշանակել, որ բոլոր տնտեսական հարցերն ավելի հեշտ ընթանան՝ թե ՀՀ-ից ԵՄ արտահանողների, թե ներմուծողների համար»,-նշեց նա՝ հավելելով․ «Նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ-ի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին»։ 

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները փոփոխության կենթարկվեն այս համաձայնագրի կիրառման պարագայում՝ մեր զրուցակիցն արձագանքեց․ «Եվրամիությունն այսօր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, և Եվրամիության պաշտոնյաների վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի դեմ կիրառվող այդ պատժամիջոցները կարող են խորանալ և հավանաբար կխորանան։ Դրան գումարվում են նաև ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք բավական ցավոտ են լինելու։ Մենք որևէ պատճառ չունենք փչացնելու մեր հարաբերությունները ԱՄՆ-ի կամ Եվրամիության հետ։ Եվ երկրորդ՝ մենք որևէ շարժառիթ չունենք Ռուսաստանի հետ կիսելու պատժամիջոցների բեռը»։ 

Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ «Մենք պետք է դա կարողանանք Ռուսաստանին բացատրել այնպես, ինչպես Ռուսաստանը մեզ բացատրում է, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում, որ Ադրբեջանի հետ իրենք պետք է վատ լինեն»։ 

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ հաշվի առնելով, նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ի դեմ որևէ պատժամիջոց չկա, Հայաստանն այլ համաձայնագրեր ևս կստորագրի ԵՄ-ի հետ, քանի որ դա է բխում մեր շահերից, և այդ համաձայնագրերով տեղի կունենա մերձեցում Հայաստանի և Եվրամության, Արևմուտքի միջև։ 

Ի՞նչ հարաբերություններում են Թուրքիան ու Ադրբեջանը ԵՄ-ի հետ։ Այս հարցին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանը չունի ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, քանի որ բացի Ղարաբաղի հարցից, նաև մի շարք տնտեսական սկզբունքային դրույթների շուրջ չի կարողանում ԵՄ-ի հետ համաձայնության հասնել «Իսկ Թուրքիան բացի ԵՄ-ի հետ համաձայնագիր ունենալը նաև մեկ մաքսային միության մեջ է նրա հետ, և Եվրամիության կողմից Թուրքիային տրված այդ լայն տնտեսական հնարավորություններն են, որոնք  Թուրքիայի զարգացման կարևորագույն կռվանն են»։

Արդյո՞ք ՀՀ-ն համագործակցելով ԵՄ-ի հետ ևս կունենա նման լայն հնարավորություններ, ինչպես Թուրքիան։ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝  Մաքսային միություն Եվրամիության հետ չենք ունենա, քանի որ մեզ դա առաջարկվել էր դեռևս 2013թ, որը չենք իրականացրել, բայց մի շարք ապրանքատեսակներով արտոնյալ մաքսային ռեժիմ կունենանք «Այսինքն, այդ ապրանքատեսակների համար կամ զրոյական կամ զրոյին մոտ՝ աննշան, մաքսատուրքեր կգործեն»։  

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն, էլ անդրադառնալով այն հարցին՝ թե ինչ ընթացք կունենան Հայաստան Ռուսաստան հարաբերությունները  համաձայանագրի դրույթներն իրագործելու պարագայում՝ նշեց, որ փաստաթուղթը ստորագրված է եղել Հայաստանի կողմից 2017թ, երբ փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում էին այլ մակարդակի վրա «Ես կարող եմ ենթադրել, որ փաստաթղթի բովանդակությունը ծանոթ է եղել մեր այն գործընկերներին, որոնք բնականաբար կառուցում են իրենց քաղաքականությունը Հայաստանի հետ։ Հաշվի է առնվել այն բոլոր հետաքրքրությունները, որոնք Հայաստանը ունի նաև այլ գործընկերների հետ»։

Մարգարովի խոսքով համաձայնագրի տնտեսական մասով այն դրույթները, որոնք նշված են, չեն կարող հակադրվել մեր այն պարտավորություններին, որոնք մենք ունենք որպես ԵԱՏՄ անդամ երկիր «Երբ մենք կառուցում էինք ԵՄ-ի հետ մեր գործընկերությունը, փորձել ենք հավասարակշռել այն գերակայությունները, որոնք կան՝ հաշվի առնելով ռազմավարական համագործակցությունն ու գործընկերությունը ՌԴ-ի հետ»,-ասաց նա ու հավելեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ՝ ենթադրվում էր, որ Հայաստանը կարող է հանդիսանալ կամուրջ այլ պետությունների համագործակցության համար։ 

Մարգարովը կարծում է, որ Հայաստանի համար ոչ այնքան կարևոր է դառնալ ԵՄ անդամ, որքան ունենալ ավելի խորքային փոխհարաբերություններ ԵՄ երկրների հետ և իրականացնել բարեփոխումներ այն բնագավառներում, որոնք կարևոր են արդյունավետ կառավարման տեսանկյունից։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ բացի մի շարք կարևորագույն դրույթներից՝   արդարադատություն, մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն, ՀՀ-ԵՄ համաձայնագիրն անդրադառնում է նաև Մեծամորի ատոմակայանի հարցին։ 

 

Նարա Մարտիրոսյան