Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը հուշում է ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ ընդունել նոյեմբերի 9-ի հայտարարությունը որպես օրինական փաստաթուղթ»

«Ռուսաստանը հուշում է ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ ընդունել նոյեմբերի 9-ի հայտարարությունը որպես օրինական փաստաթուղթ»
Քաղաքականություն / Աշխարհ
12:04, 11 февраль 2021


«Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի: Նրանք կարևոր ներդրում ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվեցին 2020 թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների Ադրբեջան վերադառնալուն, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը»,-ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Civic.am-ը կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ՝ ՌԴ փոխարտգործնախարարի հարցազրույցի շուրջ մեկնաբանություն լսելու նապատակով․ «Նոյեմբերի 9-ին կնքվել է հրադադար, բայց դա չի նշանակում, որ խաղաղ գործընթացն ավարտվել է։ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության շրջանակներում»,-ասաց Աննա Նաղդալյանը՝ հղում անելով 2020թ դեկտեմեբերին ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթին։ 

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է, որ ՌԴ փոխարտգործնախարարի խոսքը Ռուսաստանի պաշտոնական մոտեցումն է, և, ըստ երևույթին, Ռուսաստանը պաշտոնապես հուշում է ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որպեսզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ընդունեն որպես օրինական փաստաթուղթ։ «Շատ կարևոր է եռակողմ հայտարարության 9-ը կետերի շուրջ Մինսկի համանախագահների՝ երեք տերությունների փոխհամաձայնությունը, որովհետև այնտեղ կան կետեր կամ ընդունելի չեն, կամ զարգացում չի երևում, օրինակ՝ գերիների հարցը, որը չի իրականացվում, կամ 9-րդ կետը՝ ապաշրջափակման հարցը, որի շուրջ ըստ իս, լուրջ քննարկումներ են պետք՝ արդյոք չկան «ստորջրյա խութեր»»,-նշեց նա։

Նավասարդյանը կարծում է, որ Մինսկի խումբը վճռական նշանակություն չի ունեցել ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում և դրանից էլ սկսվել են բանավեճերը՝ թուրքական կողմի հանդգնությունը մտնել այդ հարցի մեջ «90-ականներից էին փորձում քթները մտցնել ԼՂ-ի հարցի կարգավորման մեջ, սակայն չէր ստացվում, հիմա էլ ՌԴ-ն փակեց նրանց ճանապարհը՝ Թուրքիայի ներկայությունը սահմանափակելով միայն մոնիտորինգային խմբում։ Իրանը ևս միշտ ունեցել է նույն նկրտումները, բայց մեզ համար ամենաընդունելին Մինսկի խումբն է»։ 

Ըստ Նավասարդյանի՝ ՌԴ փոխարտգործնախարարի այս հայտարարությունը հերքում է շահարկումները, թե ՌԴ-ն չի ուզում, որ Մինսկի խումբը մասնակցություն ունենա ԼՂ-ի հարցում, ինքը, Թուրքիան, նաև Ադրբեջանն են ուզում հարցերը լուծել։ 

Քաղաքագետ Արա Պապյանն անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարարի խոսքին՝ նախ հիշատակեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիան և ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեն ընդունել որպես Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում և ողջունել են միայն հրադադարը։ Մեր զրուցակցի խոսքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եռանախագահողների կողմից երեք սկզբունքներ էին ճանաչված, որոնցից միայն մեկը՝ տարածքային ամբողջականության սկզբունքն է իրականացվել։ 

«Մինսկի խմբի եռանախագահողների կողմից Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում երեք սկզբունքներ էին ճանաչված առաջին սկզբունքը՝ ուժի կիրառման, կամ կիրառման սպառնալիքի բացակայությունը, այսինքն խնդիրը չէր կարող լուծվել ուժով»,-ընդգծեց քաղաքագետն ու հավելեց, որ ինչպես տեսանք այս սկզբունքը ոտնահարվել է Ադրբեջանի կողմից։ 

«Երկրորդ սկզբունքը՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքն է։ Այսինքն, Ղարաբաղի հայությունը պետք է ունենար ազատ կամարտահայտության իրավունք։ Երրորդ սկզբունքը՝ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքն է։ Եվ եթե ընդունենք, որ տարածքային ամբողջականություն ասվածը, եթե դա վերաբերում էր անգամ սովետական Ադրբեջանի սահմաններին, միայն կարող ենք ասել, որ այս երրորդ կետն է իրականացվել երեք սկզբուքներից»,-մեկնաբանեց Արա Պապյանը։ 

Քաղաքագետը համոզված է, որ խիստ միակողմանի փաստաթուղթ է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ ներառված են միայն Ադրբեջանի շահերը։ 

Նշենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը դեռևս 2020թ նոյեմեբերի վերջին խոսելով եռակողմ հայտարարությունից՝ ընդգծել էր «Հայտարարության մեջ կան հարցեր, որոնք ներառված չեն: Օրինակ` Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցը: Կան խնդիրներ` կապված կայունության և անվտանգության ապահովման հետ, և այդ իսկ պատճառով հարկավոր է, որպեսզի բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակում»: 

Քաղաքագետի տեսանկյունից և Ֆրանսիան, և ԱՄՆ-ն նոյեմեբրի 9-ի եռակողմ հայտարարությունն ընդունում են որպես զուտ հրադարարի հայտարարություն «Դա ռուսներն ու թուրքերն են փորձում ներակայացնել ինչ-որ խնդրի լուծման փաստաթուղթ, այն հստակորեն վերնագրված է՝ կրակի դադարեցման փաստաթուղթ։ Բոլոր այն կետերը փաստաթղթում ներառված, որոնք չեն վերաբերում կրակի դադարեցմանը՝ դա  արդեն մեր պարագայում վերաբերում է խորհրդարանի լիազորություններին։ Չի կարող միջպետական փաստաթուղթը առանց խորհրդարանի վավերացման ունենա որևէ իրավական նշանակություն»։ 

Արա Պապյանը համոզմունք հայտնեց, որ այս փաստաթղթի շուրջ պետք է հստակեցումներ լինեն՝ առնվազն եռանախագահների մասնակցությամբ «Օրինակ, եթե առաջին կետն ասում է, որ կողմերը պետք է շարունակեն մնալ հրադադարի կնքման պահին ունեցած դիրքների վրա, ապա ինչի՞ հիման վրա են հայկական կողմին ստիպել, որ ավելի շատ տարածք հանձնի Ադրբեջանին՝ օրինակ Քարվաճառն ու Լաչինը, քան ադրբեջանցիներն են գրավել։ Դա խախտում է հենց փաստաթղթի առաջին կետը և ստացվում է, որ սա ավելի շատ ուլտիմատումի կիրառում է եղել Հայաստանի նկատմամբ, քան հրադադարի»։

Քաղաքագետը հիշատակեց նաև, որ ամերիկյան կողմը ևս բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարել է, որ փաստաթղթով ոտնհարավել են հայերի իրավունքները «Եվ սենատորներ են հանդես եկել, և սենատում է քննարկման դրվել, և պետքարտուղարին է հարցեր տրվել՝ արտաքին հանձնաժողովի նախագահի՝ Մենենդեսի կողմից միանշանակ հնչել է այն պատասխանը, որ՝ այո հայերի շահերը ոտնահարված են, և գնահատվել է որպես ցեղասպանություն և միջազգային իրավունքի ոտնահարում, և այս փաստաթուղթը չի ընդունվում որպես հարցի վերջնական կարգավորում»։ 

Նա անդրադառնալով Մադրիդյան սկզբուքներին՝ նշեց, որ այդ սկզբուքներում եղել է կետ՝ վերադարձ փախստականների, բայց դա դիտարկվել է մեկ ամբողջականության մեջ «Այսինքն եթե ամբողջ սկզբունքները համաձայնեցված չեն, ապա համաձայնեցված չէ ոչինչ։   Ինչու տեղի չէր ունենում փախստականների վերադարձ, որովհետև լուրջ խնդիր կար երկու հարցի շուրջ՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցը, թե ինչպես պետք է դրսևորվի և ինչ աստիճանի իրավունք ունի ԼՂ-ն ինքնորոշվելու, որովհետև հայկական կողմը գտնում էր, որ դա կարող է տեղի ունենա և Հայաստանին միավորվելու և անկախանալու ձևով, իսկ Ադրբեջանը գտնում էր, որ դա պետք է տեղի ունենա միայն Ադրբեջանի կազմի մեջ։ Իսկ մյուս խնդիրը՝ ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների կարգավիճակն էր»։ 

Մեր զրուցակիցը եկավ այն եզրահանգման, որ եռակողմ փաստաթղթով խախտվել է խնդրի համակողմանի լուծումը մենք չէինք համաձայնվում Ադրբեջանի հետ փուլային տարբերակի շատ հարցերում ՝ ասում էինք, որ եթե մենք այսօր բանակցային հիմնական հաղթաթուղթը՝ տարածքները հանձնում ենք՝ ինչ երաշխիք, որ հանձնելուց հետո Ադրբեջանը կշարունակի բանակցել կարգավիճակի շուրջ «Եվ մենք տեսնում ենք, որ մեր կանախատեսումները ճիշտը էին, Ադրբեջանն այսօր ստացել է իր ուզած հողերից ավելին, և ասում է՝ վերջացավ, ես որևէ կարգավիճակ չեմ քննարկում։ Այդ փաստաթղթում ներառված կետերից՝ գերիների վերադարձի հարցն էլ ամբողջությամբ չի լուծվում։ Ադրբեջանը փոքր-փոքր խմբերով է ուղարկում՝ երեկ ընդամենը 5 հոգի է ուղարկել այն պարագայում, որ ըստ որոշ տվյալների առնվազն  265 ռազմագերի ունենք Ադրբեջանում»։

Նարա Մարտիրոսյան