Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսաստանցի խաղաղապահների՝ Հայաստան վերատեղակայման հարց չի քննարկվել․ Պեսկով

Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսաստանցի խաղաղապահների՝ Հայաստան վերատեղակայման հարց չի քննարկվել․ Պեսկով
Քաղաքականություն
13:56, 11 октябрь 2023
Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից դուրս գալու դեպքում, ռուսաստանյան զորախումբը պետք է հեռանա Ռուսաստան, այլ ոչ թե տեղակայվի Հայաստանում», Կրեմլի խոսնակն ասել է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսաստանցի խաղաղապահների՝ Հայաստան վերատեղակայման հարց չի քննարկվել։

«[Պուտին-Փաշինյան] վերջին հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը չի քննարկվել։ Դե-ֆակտո և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, և դա ընդունում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը», - նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ, խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում հետագա տեղակայման հարցը քննարկելու են Մոսկվայի և Բաքվի ներկայացուցիչները։

«Խաղաղապահների այնտեղ մնալու հետագա ռեժիմի, հարակից բոլոր խնդիրներին վերաբերող հարցերը մենք, իհարկե, քննարկելու ենք ադրբեջանական կողմի հետ։ Մենք, իհարկե, կշարունակենք մեր շփումները նաև մեր հայ բարեկամների հետ», նշել է Դմիտրի Պեսկովը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։

Թեև հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը, Կրեմլից հայտարարեցին՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում խաղաղապահներին։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարարի՝ ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարեց՝ Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության թեման փակված չէ, ռուս խաղաղապահների առաքելությունն այնտեղ ավելի քան պահանջված է։ Երեկ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ խաղաղապահներն անելիք ունեն Հարավային Կովկասում։

Բաքուն, որ ամեն առիթով շեշտում էր, թե ռուս խաղաղապահները ժամանակավոր են Ղարաբաղում, դեռ հրապարակավ չի պահանջել, որ ռուսները հեռանան Ղարաբաղից։

Աղբյուր՝ azatutyun.am