Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն առաջին հերթին ակնկալում է Ռուսաստանի ներգրավումը զինադադարի պահպանման գործընթացում. Անուշ Բեղլոյան

Հայաստանն առաջին հերթին ակնկալում է Ռուսաստանի ներգրավումը զինադադարի պահպանման գործընթացում. Անուշ Բեղլոյան
Քաղաքականություն
19:02, 30 июль 2021
Հայ-ադրբեջանական վերջին օրերի սահմանային լարվածության ֆոնին միջազգային կառույցները հայտարարություններով են հանդես գալիս. մասնավորապես, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրադադարի կոչ են արել՝ ընդգծելով, որ պետք է ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ դիվանագիտության մեջ և միջազգային հարաբերություններում ցանկացած գործողությանը նախորդում է հայտարարություն, որը հանդիսանում է մտադրությունների մասին դիրքորոշում։ Եվ շատ հաճախ այդ հայտարարությունների մեջ տեղ գտած ուղերձները թույլ են տալիս առանց որևէ լրացուցիչ գործողությունների կարգավորել որոշ խնդիրներ. «Սակայն այստեղ մենք տեսնում ենք, որ այս հայտարարությունները, որոնք հնչել են այս երկու օրվա ընթացքում, այս պահին Ադրբեջանի ղեկավարության կողմից չեն ընկալվում ադեկվատ կերպով։  Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները Հայաստանին ստիպում են, որպեսզի Հայաստանը գործադրի իր ամբողջ դիվանագիտական գործիքակազմը և առաջնային դիմի Ռուսաստանին՝ որպես այդ պրոցեսում շատ ակտիվ կերպով ներգրավված միջնորդ երկրի, ինչպես նաև այն կառույցներին, որոնք այս տարիների ընթացքում ներգրավված են եղել խաղաղ բանակցային պրոցեսում։  Իհարկե, պետք է նշենք, որ  մեր զինված ուժերը շատ արդյունավետ հակազդում են թշնամու սադրիչ գործողություններին և կանխում դրանք»։  

Անուշ Բեղլոյանի խոսքով՝ Հայաստանն առաջին հերթին ակնկալում է Ռուսաստանի ներգրավումը զինադադարի պահպանման գործընթացում։  

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի տեսանկյունից էլ՝ միջազգային կառույցների կոչերն ու «ռեալ-պոլիտիկը» շատ տարբեր են. «Կամ արվում են գործողություններ, կամ չեն արվում։ Այս պահին որևէ գործընթաց ուժային կենտրոնների կողմից տեղի չի ունենում։ Մենք մշտապես տեսնում ենք կոչեր, բայց պետք է իրականում հասկանանք, թե ով ինչ շահ ունի այստեղ, մեր շահը որն է, և ում շահի հետ կարող ենք համադրել, ինչ գործողություն կարող ենք անել՝ երաշխավորելու մեր անվտանգությունը»։ 
 
Քաղաքագետն ընդգծեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում օրեցօր ավելի է մեծանում. «Եթե սրանից առաջ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին իրականացնում էր հարկադրման քաղաքականություն, այսինքն՝ տնտեսական, կոմունիկացիոն շրջափակում և մնացած գործոնները, ապա պատերազմից հետո բացահայտ կերպով իրականացնում է թշնամական քաղաքականություն, որին գումարվել է նաև ռազմական կոմպոնենտը»։ 

Սուրեն Պետրոսյանը, անդրադառնալով ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցությանը, հիշատակեց վերջերս Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը», ըստ որի՝ երկու երկրներն անցնում են ռազմական սերտ համագործակցության. «Հետո փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց, որ Ադրբեջանում կտեղակայվեն թուրքական զորամիավորումներ»։  

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ նշեր, թե Հայաստանի համար որն է կարմիր գիծը. «Ոչ փաստաթղթի շրջանակներում, ոչ էլ որևէ պաշտոնյայի շուրթերից մենք չենք լսել, թե Հայաստանի համար կարմիր գիծը որն է, օրինակ՝ անկլավների հարցը, միայն Զանգեզուրի միջանցքի հարցն ենք լսել, որ չի քննարկվում։  Մենք չենք սահմանել, թե որոնք են մեր սեփական շահերը, և այս իրավիճակում Թուրքիան ու Ադրբեջանը շատ լավ կարողանում են ճնշումներ գործադրել ու մեծ զիջումներ ակնկալել»։

Սուրեն Պետրոսյանը չի կիսում այն տեսակետը, թե Ադրբեջանը հաշտության պայմանագիր է փորձում կորզել.  «Ես այլ կարծիք ունեմ։

Ադրբեջանին այս պահին, ավելի քան երբևէ, պետք չէ հաշտության պայմանագիր Հայաստանի հետ, որովհետև դա միջազգային իրավունքի շրջանակներում կամրագրվի այն առաջխաղացմամբ, որն այսօր ունի Ադրբեջանը։  Իսկ Ադրբեջանը հասկանում է, որ ինքը շատ ավելի մեծ առաջխաղացում կարող է ունենալ, քան այսօր ունի։ Հետևաբար նրան ձեռնտու չէ այս պահին հաշտության պայմանագիր կնքել»։ 

Մեր զրուցակիցը, անդրադառնալով ՀԱՊԿ-ին, ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից մենք միայն կարողացել ենք գնել էժան զենք. «ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանային խնդիրներով երբևիցե որևէ մեկի կողմը չի բռնելու, որովհետև ինչքան էլ իր կանոնադրության մեջ նշված լինի այդ մասին՝ մենք գիտենք իրականությունը։ Հիմա եթե մենք բարոյալքում ենք ՀԱՊԿ-ը և ամբողջ աշխարհին ասում ենք՝ տեսեք, ՀԱՊԿ գոյություն չունի, ապա մենք պետք է ցանկացած կազմակերպության հանդեպ ռադիկալ գործողություններ անենք։ Եթե մենք խնդիր ունենք մեր աշխարհաքաղաքական կոմպոնենտը փոխելու դեպի ՆԱՏՕ, ուրեմն այդ մասին պետք է պարզ խոսել»։ 

Քաղաքագետը, խոսելով Հարավային Կովկասում Արևմուտքի ակնկալիքից, նշեց, որ Էրդողան-Բայդեն հանդիպումից հետո որպես տարածաշրջանի վերահսկող Արևմուտքը թողել է Թուրքիային և ինքը հեռացել դեպի Չինաստան. «Պակիստան, «Թալիբան»-ի հետ համագործակցություն և այլն՝ Թուրքիայի ձեռքում են։ Եվ Ռուսաստանը, և Արևմուտքը, և Եվրամիությունը Հայաստանի հարցում անելու են այն գործողությունները, որոնք իրենց շահերից են բխում։ Հայաստանը պետք է կարողանա ապահովել իր անվտանգությունը, և անկախ նրանից, որ այսօր մեր բանակն ինչ-որ չափով կազմաքանդված է, մենք ունենք այդ հնարավորությունը»։ 

Նարա Մարտիրոսյան