Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը կարևորում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները ու պատրաստ է նպաստել դրանց. Միլլեր

ԱՄՆ-ը կարևորում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները ու պատրաստ է նպաստել դրանց. Միլլեր
Քաղաքականություն
10:18, 21 ноябрь 2023
ԱՄՆ-ը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Մենք շարունակում ենք շփումները երկու երկրների ղեկավարության հետ և հայտնում մեր պատրաստակամությունը՝ նպաստելու արժանապատիվ և տևական խաղաղության հաստատմանը։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ քննարկեն և լուծեն խնդիրները՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք պատրաստ ենք նպաստել այդ բանակցություններին։ 

Մենք տեսել ենք, որ այլ երկրներ առաջարկում են իրենց դերն այս գործընթացում: Մենք կարևոր ենք համարում, որ երկու երկրները անցկացնեն ուղիղ բանակցություններ՝ տևական համաձայնության հասնելու համար: Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք նպաստել այդ բանակցություններին և ողջունում ենք այլ երկրների նման ջանքերը»,- ասել է Միլլերը։

Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպումից՝ Միացյալ Նահանգների «միակողմանի մոտեցման» պատճառաբանությամբ, «ինչի հետևանքով Միացյալ Նահանգները կարող է կորցնել միջնորդի իր դերը»: Մինչդեռ Երևանը մշտապես պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնում շարունակելու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: