Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագետներին Ադրբեջանը կանչել է երկրի ԱԳՆ

ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագետներին Ադրբեջանը կանչել է երկրի ԱԳՆ
Քաղաքականություն
15:51, 28 ноябрь 2023
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարներին, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանին առանձին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումների ընթացքում նշվել է, որ Abzas Media լրատվական պորտալը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործարքներ է իրականացնում, և որ վերոնշյալ երկրների դեսպանատները ներգրավված են այդ գործունեության մեջ։

Բացի դրանից, դիվանագետներին ասվել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Freedom Now-ն, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ, խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, ապօրինի գումար են փոխանցել Ադրբեջան՝ Abzas Media-ի գործունեությունը ֆինանսավորելու համար։

Ինչպես նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, միջազգային պրակտիկայի և «ԶԼՄ-ների մասին» Ադրբեջանի օրենքի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և օտարերկրյա պետությունների պետական կառույցների կողմից տեղական ԶԼՄ-ների սուբյեկտի ֆինանսավորումը չի թույլատրվում։ 

Ադրբեջանը դատապարտում է այդ գործունեությունը, որը հակասում է երկրի օրենսդրությանը և ուղղված է իր ներքին գործերին միջամտելուն. «Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել ազգային օրենսդրությանը համապատասխան»։