Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը Հայաստանում կարմիր գիծ չուներ, գալիս էր Հայաստան, որ ի՞նչ աներ. վարչապետ

Պուտինը իր վերջին ասուլիսում ասել է, որ այդ Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից. «Ասում էր՝ Դուք հայտարարեցիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ընդ որում՝ անակնկալ, տեղյակ չպահելով Ռուսաստանին այդ մասին»: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այս դիտարկման, ասաց. «Այդ թեման շատ քննարկվել է առնվազն 2022թ. սեպտեմբերից հետո: Բայց եկեք պրոցեսները փաստացի գույքագրենք»:


Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց 2020թ. նոյեմբերին և դեկտեմբերին ՌԴ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: «Ես մամուլից եմ իմացել, որ ՌԴ-ն այդպիսի հայտարարություն է պատրաստվում անել: Եվ այդ հայտարարությունը, իմ ընկալմամբ, հակասել է 2020թ. նոկեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Այնուհետև վարչապետը հիշեցրեց Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, որի ժամանակ ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից եղել է զրո արձագանք, և հենց այդ ժամանակ տեղի ունեցան ՀՀ խորհրդարանական ընտրությունները. «Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունը այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր ՀՀ լուծարում: Մենք հասկանում էինք, որ ՀՀ լուծարման խնդիր է դրված. 0 արձագանք ՀԱՊԿ-ից և 0 արձագանք Ռուսաստանից»:

Ժամանակագրական կարգով բոլոր իրադարձություններ ներկայացնելուց հետո վարչապետն ասաց. «Ինչն էր ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմը. նրանք ասում էին՝ մենք գանք դիտորդներ լինենք, ասում ենք՝ դիտորդներ գան ի՞նչ անեն, պատասխանը չկա: Եվ հետո մենք ասում էինք՝ ՀՀ-ն ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է, չէ՞, ֆիքսեք՝ ո՞րն է այդ պատասխանատվության գոտին, որտեղո՞վ է անցնում ձեր ասած կարմիր գիծը: Ասում էին՝ մենք չենք կարող գծել այդ կարմիր գիծը: Նշանակում է դուք Հայաստանում կարմիր գիծ չունեք, գալիս եք Հայաստան, որ ի՞նչ անեք»:
 
 Առավել մանրամասն՝ տեսանյութում։