Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահրամանյանը իր բրիգադի հետ միասին լծված է ռուսական շահերի սայլին. Ռուբեն Մեհրաբյան

«Սրանք բոլորը լծված են ռուսական շահերի սայլին, նույն Շահրամանյանը իր բրիգադի հետ միասին»,-   ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Սամվել Շահրամանյանի նախկին խորհրդականի խոսքին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները շարունակելու են գործել նաև հունվարի 1-ից հետո։  
Հարցին՝ Ալիևի հոխորտանալու մեջ արդյոք Արևմուտքը իր մեղքի բաժինը չունի՞, քանի որ զինված հարձակման ու բռնի տեղահանման համար սանկցիաներ չկիրառվեցին, և Ալիևը չպատժվեց, Մեհրաբյանը պատասխանեց. «Արևմուտքը պատշաճ ակտիվություն ցուցաբերելու իր գինն ունի, Արևմուտքը ձմեռ պապ չի, որ գա այստեղ, ձեր սրտի ուզածը իր պարկից հանի՝ տա ձեզ, դուք էլ ուտեք. չի լինելու այդպիսի բան։ Խոսակցությունը քաղաքականության մասին խոսակցություն է շահերի մասին, իսկ շահը հետևյալն է, որ ՌԴ-ն պետք է հեռանա տարածաշրջանից։ Եթե մենք այդ պրոբլեմի լուծման մասը չենք, ապա մեր պրոբլեմներն էլ լուծված տեսնելու շահ, դրանից բացի, Արևմուտքը չի ունենալու»։  

Մեհրաբյանը ոչ ճիշտ քայլ գնահատեց այսօրվա ԵԱՏՄ նիստին ու վաղը ԱՊՀ նիստին ՀՀ-ի մասնակցությունը։ Դիտարկմանը, որ ԵԱՏՄ երկրների հետ այս տարի մեր առևտրաշրջանառությունը կազմել է 5,7 մլրդ դոլար, Մեհրաբյանը արձագանքեց. «Պետությունը բիզնես կառույց չէ, պետության համար տնտեսական շահերը չափազանց կարևոր են, բայց այնպես չէ, որ մնացածը ստորադասվում են դրան։ Իսկ այդ ապրանքաշրջանառության ու տնտեսական աճի ավելացումը ժամանակավոր բնույթ է կրում»։

Մեհրաբյանի խոսքով՝ ՌԴ-ն շահագրգռված չէ ՀՀ-Ադրբեջան խնդրի կարգավորմամբ. «Ռուսաստանն ինքն է այս կոնֆլիկտը սարքել, որ տարածաշրջանից չհեռանա։ Եթե դուք ուզում եք կոնֆլիկտը լուծել, ուրեմն ՌԴ-ն պետք է գնա։ Ռուսները դա հասկանում են ու ամեն ինչ կանեն, որ պայթեցնեն ջանքերը, որոնք ուղղված են խաղաղությանը»։ 

Ըստ նրա՝ ԵՄ-ի դռները այլ պետությունների համար բաց են մինչև 2030 թվականը. «ԵՄ-ն նման պլան է դրել իր առաջ, որ ընդլայնում է մինչև 2030 թվականը։ Մենք տեղավորվո՞ւմ ենք դրա մեջ, թե՞ այսպես ոտնատակ ենք ընկնում։ Դրա համար պետք է ռուսական ուժային և մեդիա ներկայությունը ՀՀ-ում լիկվիդացնել։ Ժողովրդավար պետությունում ֆաշիստական պրոպագանդան պետք է արգելվի օրենքով»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։