Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի անդորրը սկսվում է և պայմանավորված է սահմանով. Ռուբեն Մեհրաբյան

Երևանի անդորրը սկսվում է և պայմանավորված է սահմանով. Ռուբեն Մեհրաբյան
Հայաստան
18:43, 19 август 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի հետ այսօր այցելել են Վարդենիսի տարածաշրջանի սահմանագոտի։ Այս մասին Civic.am-ին հայտնեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Նա նշեց, որ այցելել էին ծանոթանալու մեր սահմանապահ ուղեկալների, մարտական դիրքերի, տեխնիկական ապահովվածության, կենցաղային ապահովվածության վիճակին, տեսնելու՝ ինչպիսին է մեր մարտիկների մարտական ոգին, ծանոթանալու սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակին և բարոյահոգեբանական մթնոլորտին։ 

«Հանդիպումները չափազանց արդյունավետ էին և բավականին ինֆորմատիվ։ Կարող ենք արձանագրել, որ մեր բանակի մարտական ոգին գերբարձր է, զինծառայողները փայլուն պատկերացնում են իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, իրենց առջև դրվող մարտական խնդիրը, տիրապետում են սահմանագոտու ողջ օպերատիվ իրավիճակին և հուսալիորեն պաշտպանում են մեր սահմանը։ Բնակիչների բարոյահոգեբանական մթնոլորտը նույնպես դրական էր, բայց ասեմ, որ բավականին մեծ են սոցիալ-տնտեսական խնդիրները, մասնավորապես մարդիկ Կութ գյուզում զբաղվում էին անասնապահությամբ, հիմա, քանի որ որոշ կարևոր տարածքներ հայտնվել են Ադրբեջանի տարածքում, այդ իսկ պատճառով հնարավորությունները սահմանափակվել են, բայց այլընտրանքային, տնտեսապես արդարացված զբաղմունք այդտեղ ձեռնարկելու որևէ նոր նախաձեռնություն չկա, և դա լուրջ խնդիր է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Խոսելով Կութ գյուղի մասին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Կութ տանող ճանապարհը վերջին անգամ Կարեն Դեմիրճյանի ժամանակ է ասֆալտապատվել։ Նա նշեց, որ Կութ գյուղը չափազանց կարևոր տեղանքում է, և մարդիկ կպած են հողին, այստեղ կան նաև Գետաշենից և Շահումյանից փախստականներ՝ դեռ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակվանից։

 Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այստեղ առանձնահաատուկ ակտիվ միջամտություն է պետք  թե՛ մարզային, թե՛ կենտրոնական իշխանությունների՝ կառավարության կողմից, որովհետև այս գյուղը գտնվում է մի տեղանքում, որը ռազմավարական նշանակութուն ունի մեր երկրի համար, և մարդիկ սիրում են իրենց գյուղը և ապագան կապում են գյուղի հետ, բայց դրա համար սոցիալ-տնտեսական բազա է պետք։

Հարցին, թե գյուղի ուղղությամբ օրերս հնչած կրակոցներից հետո ինչպիսի՞ վիճակ է բնակիչների շրջանում, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Կութում մարդիկ բացարձակապես ընկճված չեն, բայց մյուս կողմից՝ հարցեր առաջանում են, որ նման միջադեպեր չկրկնվեն։
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց արձանագրած խնդիրները առաջին իսկ առիթի դեպքում կներկայացնեն իշխանություններին, ինչպես նաև իրենց որոշակի պատկերացումներն ու առաջարկությունները։ 

Նա նաև նշեց, որ իրենց այցերը դեպի սահմանամերձ բնակավայրեր շարունակական են լինելու։ «Որովհետև, ի վերջո, սահմանը մեր ողջ պետության բաց նյարդն է, եթե սահմանում, ինչ-ինչ հնարավոր թերության դեպքում, տեղի ունենա  արտառոց մի բան, դա միանգամից արձագանք է ստանալու Երևանի կենտրոնում։ Սա մենք պետք է հասկանանք։ Հետևապես Երևանի անդորրը սկսվում է և պայմանավորված է սահմանով, և սա մեր քաղաքացիներն ու մեր քաղաքական դաշտը պետք է շատ քաջ պատկերացնեն և դրանով իսկ նաև պատկերացնեն սահմանի կարևորությունը»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Լիլիթ Թադևոսյան