Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն արտահերթ համագումար է հրավիրել. Օրակարգային հարցերից է կուսակցության դիրքավորումը ներկա քաղաքական իրավիճակում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն արտահերթ համագումար է հրավիրել. Օրակարգային հարցերից է  կուսակցության դիրքավորումը ներկա քաղաքական իրավիճակում
Քաղաքականություն
14:34, 27 февраль 2023
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը մարտի 4-ին արտահերթ համագումար է հրավիրել։ Ինչն է արտահերթ համագումար հրավիրելու առիթը կամ պատճառը՝ Civic.am-ը փորձեց պարզել կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանից։  

Արտահերթ համագումար հրավիրելը, ըստ կուսակցության փոխնախագահի, թելադրված է ինչպես երկրում առկա իրավիճակից, այնպես էլ կուսակցության զարգացման տրամաբանությունից. «Օրակարգում լինելու է  քաղաքական զեկույց կուսակցության արածի, ինչպես նաև  անելիքների մասին։ Օրակարգային հարցերից է նաև կուսակցության դիրքավորումը  ներկա քաղաքական իրավիճակում, հիմնական դիրքորոշումները և գնահատականները՝ կապված ներքին, մասնավորապես ռեֆորմների քաղաքականության հետ, նաև՝ մեր բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի հրամայականի հետ, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, արտաքին տնտեսական քաղաքականության»: 

Մեհրաբյանը նշեց նաև, որ նախատեսվում է կուսակցության քաղաքական խորհրդի նոր ընտրություն անցկացնել։ «Քաղխորհրդի կազմն ընդլայնվելու է»,- նշեց Մեհրաբյանը, որը նույնպես առաջադրվելու է  քաղխորհրդի անդամի թեկնածու։  

Նշենք, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հիմնադրվել է 2020 թ. սեպտեմբերի 20-ին, կուսակցության նախագահն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 

Համագումարը տեղի կունենա ժամը 13:00-ին, Կառավարության նիստերի դահլիճում։