Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակի արդիականացման գործում Ռուսաստանի հետ կան կոնկրետ պայմանավորվածություններ. Փաշինյան․ Տեսանյութ

«44-օրյա պատերազմի հարվածը առաջին հերթին իր վրա ընդունեց մեր բանակը: 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ և աներկբա պահանջ է», -այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման կարևորությունը: 

Նա նշեց, որ բանակը բարեփոխելու կառավարության նպատակը որոշ ուժեր փորձում են ներկայացնել որպես վկայություն ագրեսիվ քաղաքականություն որդեգրելու, պատերազմ սկսելու մեր մտադրության կամ որոշման. «Սա կապ չունի իրականության հետ. մենք զինված ուժերը զարգացնելու ենք ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու մտադրություն չունի»:

Նա նշեց, որ բանակի արդիականացման գործում Ռուսաստանի հետ կան կոնկրետ պայմանավորվածություններ: Փաշինյանը հավելեց, թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ. «Մենք պայմանագրային հիմունքով զինվորական ծառայության ենք ներգրավում այլ մասնագիտության տեր մարդկանց: Սահմանապահները պետք է զբաղվեն մեր սահմանների պահպանությամբ»: