Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցեղասպանության ճանաչումը ծառայեցնելու ենք տարածաշրջանի լարվածության լիցքաթափման նպատակին. Փաշինյան․ Տեսանյութ

«Մենք կարևորագույն նշանակություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ մեր հարաբերություններին»,- այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի: 

Նա կարևորեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածությունը Հայաստանում պարեկային ծառայության ներդրման գործում:

«Ցեղասպանության ճանաչումը ՀՀ կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճի, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լարվածության լիցքաթափման նպատակին»,- նշեց նա և ավելացրեց, որ ակտիվանալու է Ֆրանսիայի հետ տնտեսական համագործակցությունը:

Փաշինյանը, խոսելով 7 ուղենշային ծրագրերի համար ԵՄ-ի շուրջ 2.6 մլրդ եվրո տրամադրելու պատրաստակամության մասին, ասաց. «Մեր կառավարությունը գործողությունների ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ է պատրաստել, որը արդեն մենք քննարկում ենք ԵՄ մեր գործընկերների հետ»:

Խոսելով նաև հայ-վրացական հարաբերությունների մասին՝ ՀՀ վարչապետը առանձնակի երախտագիտություն հայտնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հայ գերիներին վերադարձնելու միջնորդական ջանքերի համար:

Նա նկատեց, որ Հայաստանը շարունակելու է ներգրավված լինել ՀԱՊԿ աշխատանքներին. «ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն շարունակելու են մնալ մեր բազմակողմ հարաբերությունների զարգացման կարևորագույն հարթակներ»: