Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թղթերով սոցիալիստ եք, բայց ում հետ ասես՝ կոալիցիոն գործընկեր եք եղել՝ երիտթուրքերից մինչև ՀՀԿ. Հայկ Կոնջորյանը՝ Դաշնակցությանը

Թղթերով սոցիալիստ եք, բայց ում հետ ասես՝ կոալիցիոն գործընկեր եք եղել՝ երիտթուրքերից մինչև ՀՀԿ. Հայկ Կոնջորյանը՝ Դաշնակցությանը
Քաղաքականություն
16:04, 07 февраль 2024
«Ես կարծում եմ՝ 135-ամյա կուսակցության ներկայացուցչի կողմից պրոֆեսիոնալ չէ ամեն անգամ խոսել ու թողնել գնալ, գնալ՝ ծխելու: Հիմա չգիտեմ՝ ձեր մտքե՞րն են ձեզ ծխել ստիպում, թե՞ հաջորդ ելույթները: Ձեր մտքերը շատերին են ծխել ստիպում, այսինքն՝ ձեր մտքերը վտանգավոր են մարդկանց առողջության համար»,- Ազգային ժողովի նիստում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ իր խոսքն ուղղելով «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

Ինչ վերաբերում է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանին, Կոնջորյանն ասաց. «Եթե թեկնածուի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարված լիներ, այն էլ 1994 թվականից սկսած, ես վստահ եմ, որ ձեր 20-ամյա իշխանությունը վաղուց էս մարդու հետևից գնացել էր, ձեր էն ժամանակվա գործիքներին հավատարիմ ու համապատասխան ամեն ինչ արել էր»:

«2011 թե 2012թթ.-ներին թեկնածուն առաջադրվել է Վանաձորի քաղաքապետ և մասնակցել է ընտրություններին ու բավական ձայն է հավաքել: Դա ձեր ժամանակն էր, մարդակերների ժամանակաշրջանն էր,  երբ ձեր դեմ ինչ-որ մեկը դուրս գար, էն էլ Վանաձորում, թեկնածու լիներ, ունենար իր կենսագրության մեջ ձեր ենթադրյալ բանդագուշանքների տեսքով ինչ-որ բան, ու դուք թողնեիք, որ էդ մարդը մասնակցե՞ր: Է, բա ձեր հավատարիմ մեթոդներով կարող էիք անել էն, ինչ որ անում էիք: Ֆեմիդային ինչքան կարողացաք՝ բռնաբարեցիք, հիմա եկել խոսում եք արդարադատությունի՞ց»,- նշեց Հայկ Կոնջորյանը և հույս հայտնեց, որ թեկնածուն իր եզրափակիչ ելույթում պարզաբանումներ կներկայացնի: 

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի քննադատությանը, թե ՔՊ-ն չունի գաղափարախոսություն, Հայկ Կոնջորյանն ասաց. «Դուք էլ թղթերով սոցիալիստ եք, բայց իրականում ինչ ասես՝ եղել եք և ինչ ասես կլինեք՝ ըստ պահի  հարմարավետության, ում հետ ասես՝ կոալիցիոն գործընկեր եք եղել՝ երիտթուրքերից մինչև հանրապետականներ: Իսկ եթե մենք ուզենայինք աթոռ պահել, դուք այս աթոռներին նստած չէիք լինի: Կարո՞ղ է Դաշնակցությունը հազարամյա ծառ է: Իսկ եթե կարծում եք, թե ձեզ չի կարելի կպնել, դա առաջին քայլն է՝ դառնալու քաղաքական դինոզավր»: