Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ձայների նվազագույն շեմում հաշվի էինք առել նաև ձեր գործընկերոջ բացակայությունը. Հայկ Կոնջորյանը վերահաստատեց ՔՊ դիրքորոշումը․ Տեսանյութ

«Թշնամու և օտարի օրակարգեր սպասարկողների պատիժը անխուսափելիորեն գալու է, և այդ ժամը գնալով ավելի է մոտենում»,- այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ նա նկատեց, որ վերջինս կարող է լինել ամենաանկարգապահ պատգամավորների թոփ-եռյակում. «Ձեր արտահայտած մտքերը ևս իմ մեջ էմոցիաներ են առաջացնում, բայց ես՝ երիտասարդս, կառավարում եմ ինձ»:

Խոսելով ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Հայաստան»-ի թեկնածու Իշխան Սաղաթելյանի չընտրվելու մասին՝ Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «Մենք ապահովել ենք նվազագույն ձայների անհրաժեշտ քանակը, որպեսզի պարոն Սաղաթելյանը ընտրվեր»:

Նրա խոսքով՝ երկու ընդդիմադիր խմբակցություններից պետք է քվեարկությանը մասնակցեին 34 պատգամավոր. «Մենք նախատեսել էինք, որ այնպիսի ձայների բաշխվածություն ապահովենք, որ լրացվի բացը, և պարոն Սաղաթելյանն ընտրվի: Սակայն ընդդիմության պատգամավորներից մեկը, որը եղել է ազատության մեջ և մասնակցել է քննարկումներին, այսօր չմասնակցեց ձեր իսկ թեկնածուի քվեարկությանը: Բայց մենք նախապես գիտեինք, որ պարոն Սեդրակյանը բացակայում է, և մենք մեր ձայների նվազագույն շեմում նաև դա էինք հաշվի առել և ավելացրել էինք քվեարկողների թիվը: Եթե ամեն ինչ գնար իմ նկարագրած սցենարով, ապա պարոն Սաղաթելյանը պիտի ստանար 55 կողմ, բայց նա ստացել է 53 կողմ, 50 դեմ և 1 անվավեր: Հետևություններն արեք դուք»:

ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատեց իրենց դիրքորոշումը և ասաց. «Խնդրում ենք, որպեսզի դուք էլ ապահովեք ձեր քվեարկությունները: Եթե կզգաք, որ կարիք կա, որ մենք ևս 2 ձայնով ավելացնենք, խնդրում եմ մեզ տեղեկացրեք»: