Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահի ընտրությունը լեգիտիմ է, ընդդիմությունն իրեն է դելեգիտիմացնում. Նրանք բռնազավթել են իրենց ընտրած 300 հազար մարդու մանդատը. Հայկ Կոնջորյան

ՀՀ նախագահի ընտրությունը լեգիտիմ է, ընդդիմությունն իրեն է դելեգիտիմացնում. Նրանք բռնազավթել են իրենց ընտրած 300 հազար մարդու մանդատը. Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն
12:37, 03 март 2022
ՀՀ նախագահի ընտրության հարցը քննարկում ենք առանց ընդդիմության: Ընդդիմության բոյկոտի պատրվակը հետևյալն է՝ նրանք ասում են, եթե մասնակցենք այս ընտրությանը, ապա դրանով կլեգիտիմացնենք նախագահի ընտրությունը: ԱԺ-ում նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Իշխող խմբակցության ղեկավարը պնդեց, որ անկախ ընդդիմության մասնակցությունից՝ նախագահի ընտրությունը լեգիտիմ է.

«Ես վատ նորություն ունեմ ընդդիմության համար, որովհետև նախագահի ընտրությունն արդեն իսկ լեգիտիմ է, իսկ նախագահի ընտրության արդյունքում նախագահի կողմից ստորագրված օրենքները լինելու են պարտադիր ոչ միայն մեզ, այլ նաև՝ ընդդիմության համար»,-ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը և պնդեց, թե նախագահի ընտրությանը չմասնակցելով՝ ընդդդիմությունը դելիգիտիմացնում է ինքն իրեն:

Ըստ Կոնջորյանի՝ եթե ընդդիմությունը նախագահի լեգիտիմությունը վիճարկելու խնդիր ուներ, ապա պետք է թեկնածու առաջադրեր, մասնակցեր քվեարկությանը և հարցեր ուղղեր նախագահի թեկնածուին.

««Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն ընտրություններին միասին ստացել են ավելի քան 300 հազար քվե: Այն, որ «Հայաստան» խմբակցությունն ու «Պատիվ ունեմ»-ը իրենց ներսում չունեին նախագահի թեկնածու և չառաջադրեցին, ես համաձայն եմ դրա հետ, և դա ճիշտ մոտեցում էր, բայց մի՞թե 300 հազար քաղաքացիների մեջ ընդդիմությունը չգտավ մի թեկնածուի, որը կարող էր լինել իրենց թեկնածուն՝ չգտա՞վ, թե՞ չցանկացավ գտնել», - ասաց նա:

Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ընդդիմությունն իր ընտրողների մանդատը խլել է:
Նա ԱԺ ամբիոնից դիմեց ընդդիմության քվե տված քաղաքացիներին.

«Արդյո՞ք դուք ներկայացված եք ՀՀ ամենակարևոր քաղաքական գործընթացներում, ո՛չ, ներկայացված չեք: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ 300 հազար քաղաքացու մանդատը բռնազավթված է», - նշեց Հայկ Կոնջորյանը:

Իշխող խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենց ընտրած նախագահի ստորագրած օրենքներով ապրելու են ոչ միայն իրենք, այլև՝ ընդդիմության ընտրողները:

«Ո՞ւր է ձեր ներկայացուցիչը խորհրդարանում», - ասաց Կոնջորյանը՝ կրկին դիմելով ընդդիմության ընտրողներին: