Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո Իջևանի ԲԿ են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո Իջևանի ԲԿ են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ
Հասարակություն
14:47, 27 апрель 2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարը ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
 
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին մանրամասներ են ներկայացրել:
 
Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից:
 
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների` հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի իրացման ընթացքում պետական իրավասու մարմինների, հավաքների կազմակերպիչների, հավաքների մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու անհրաժեշտությունը:
 
Հավելենք, որ ՄԻՊ աշխատակազմը, այդ թվում՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը, աշխատում է արտակարգ ռեժիմով:
 
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 116 և (096) 116100: