Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքականապես ավարտվածների» խոստովանությունը. ընդդիմության համար իշխանափոխության օրակարգը «սեզոնային» լինելուց զատ, նաև ըստ պատեհության է, իսկ «պատեհ առիթն» ապահովողը եղել է, կա ու լինելու է Ադրբեջանը

«Քաղաքականապես ավարտվածների»  խոստովանությունը. ընդդիմության համար իշխանափոխության օրակարգը «սեզոնային» լինելուց զատ, նաև ըստ պատեհության է, իսկ  «պատեհ առիթն» ապահովողը եղել է, կա ու լինելու է Ադրբեջանը
Քաղաքականություն
22:30, 13 февраль 2024
Ընդդիմությունը նորից տարերքի մեջ է, «առիթը» (ոչ թե պատճառը) ՀՀ սահմանին արձանագրված  միջադեպն է, ինչը, ինչպես և սպասվում էր, պետք էր տրանսֆորմացնել  քաղաքական ասելիքի և «հիշել»... ոչ թե Ալիևին, այլ՝ Նիկոլ Փաշինյանին։ Ալիևը, ինչպես քանիցս ենք նկատել, վաղուց է դարձել ընդդիմության քաղաքական ներշնչանքի աղբյուրը, եթե կուզեք՝ մուսան։  
Իր էքսցենտրիկ վարքով հայտնի նախկին դաշնակցական Ռուբիկ Հակոբյանի որդի, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ավագանու այսօրվա նիստում որոշել էր հանդես գալ «Ասլան բալասի»-ի կերպարում և «օգտվելով  առիթից»՝ այսօր Ներքին Հանդում ադրբեջանական կրակոցից արձանագրված զոհերի փաստից,  առաջ մղել իշխանափոխության օրակարգը։     

Անթաքույց ցինիզմով  շահարկելով զոհերի հանգամանքը՝ Հակոբյանը նետեց՝ «ցավոք սրտի, ինչ նիստը սկսվել է՝ այս թիվը կրկնապատկվեց, արդեն ասում ա, որ չորս զոհ ունենք»։  Ֆիքսելով   զոհերի հանգամանքը, այսինքն՝ ապահովելով ասելիքի էմոցիոնալ ֆոնը, որդի Հակոբյանն անցավ «գրոհի». «Հայրենակիցներիս կուզեմ ասել, որ սա է Նիկոլ Փաշինյանի իրականությունը, քյանի (հենց այդպես էլ ասաց՝ քյանի-խմբ.) նա է իշխում մեզ, այս պետությունը, մենք ունենալու ենք զոհեր։ Ցավակցում եմ ոչ միայն զոհերի հարազատներին, այլ նաև մեր ամբողջ պետությանը, նաև բանակին։  Սա նորմա է։ Միակ լուծումը, որ մենք չզոհվենք և չփոքրանանք՝ իբրև պետություն, մեր քարտեզները չփոխվեն, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»։  Ավագանու այս անդամը, որը համատեղության կարգով նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է, իր ասելիքի ձևակերպմամբ բացահայտեց այն մթնոլորտը, որը տիրում է ընդդիմության շարքերում՝ «ինչքան շատ Ադրբեջանը սադրի ու կրակի և հայ զինվոր սպանի, այնքան մեր օգուտն է, այդքան ավելի լեգիտիմ իրավունք կունենանք խոսելու Նիկոլին հեռացնելու մասին»։  Նկատենք, որ մեկ տարի առաջ այս օրերին Ռուբիկ Հակոբյանը իշխանությանը հեռացնելու համար «մահապարտներ» հավաքագրելու կոչ էր անում ԱԺ ամբիոնից,  իսկ անցյալ տարվա նոյեմբերին էլ ԱԺ ամբիոնը նորից օգտագործեց այս իշխանությունից ամեն գնով ազատվելու մասին բռնության կոչեր հնչեցնելու համար։ «Թիվ մեկ խնդիրը, որ այսօր պետք է լուծենք, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրան (Նիկոլ Փաշինյանին-խմբ.) հեռացնենք իշխանությունից։ Ընդ որում՝ հեռացնենք բոլոր միջոցներով, որովհետև հակասահմանադրական վիճակով ինքը այսօր պահում է  իշխանությունը»,- «Հայաքվե»-ի հարցով հրավիրված ԱԺ լսումների ժամանակ ազդարարել էր ավագ Հակոբյանը։ 

Այսօր տեղի ունեցածի մասին լրագրողների հետ իր մտքերով է կիսվել  ընդդիմադիր մեկ այլ գործիչ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և   գրեթե նույն շեշտադրումով ելույթ ունեցել, ինչպես որ՝ Հակոբյանը։  Նարեկ Մալյանի գործով դատական նիստից առաջ՝ «ե՞րբ կավարտվի այս ամենը»  հարցին «քաղաքականապես ավարտված» Սերժ Սարգսյանի սանիկն արձագանքել է՝ «սա կավարտվի այն ժամանակ, երբ Փաշինյանն ավարտվի քաղաքականապես»։ 

ՀՀԿ-ական այս գործչին  այսօր հիշեցրել են Արցախում 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ագրեսիայից առաջ ԱԺ ամբիոնից հնչեցրած իր նախազգուշացումը,  թե՝ «շուտով, երբ կանչը հնչի, կլինեն գործողություններ»։ Ի դեպ, Արցախում տեղի ունեցածից հետո ընդդիմությունը, ինչպես և սպասվում էր, չվարանեց ու հերթական անգամ օգտագործելով «առիթը» տարատեսակ, մասնավորապես մարգարիտասիմոնյանական  «կանչերին» ի պատասխան թափվեց  կառավարության շենքի դիմաց և Սամվել Հակոբյանի խմբակցության նախընտրական ցուցակը գլխավորած Անդրանիկ Թևանյանի «առաջնորդությամբ» փորձեց հեղաշրջում անել։  Սակայն... ապարդյուն։  

Հարցին, թե  ե՞րբ է հնչելու Մամիջանյանի ասած  «կանչը» կամ «զանգը», որ ժողովուրդը դուրս գա փողոց, կարո՞ղ է ինչ-որ բան է փոխվել, որ չի հնչում, ՀՀԿ-ականը տխրադալուկ դեմքով  հայտարարեց. «ՀՀԿ-ի համար որևէ բան չի փոխվել, մեզ համար, ինչպես որ եղել է օրակարգի առաջին կետը իշխանափոխությունը ՀՀ-ում, այնպես էլ շարունակում է լինել։ Ինչպես ես բազմիցս ասել եմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ յուրաքանչյուր փորձից հետո հայրենասերներն ավելի թույլ են դառնում, փաշինյանենք ավելի լկտի և վատ առումով ավելի համարձակ՝ հայրենիքը հանձնելու տեսանկյունից, անհրաժեշտ է ընտրել այնպիսի մի պահ, այնպիսի մի համադրություն իրադարձությունների, որպեսզի այդ փողոցային պայքարի մեկնարկը լինի վերջին հաղթականը։  Խնդրում եմ ասածս չընկալել, թե ես կասկածի տակ եմ դնում նախորդ պայքարի փուլերը, միջոցառումները, դրանք նույնպես որոշակի ազդեցություն ունեցել են, որոշակի արդյունքների հասել ենք, բայց մեր բոլորի ընդհանուր նպատակին հասնել դեռ չենք կարողացել»։  Ավելի պերճախոս խոստովանություն, քան պարոն Մամիջանյանի արածն է, դժվար էր պատկերացնել։ Նա, փաստորեն, հաստատում է  մեր այն ենթադրությունը, որ ընդդիմության համար իշխանափոխության օրակարգը «սեզոնային»  լինելուց զատ նաև ըստ պատեհության է, իսկ  «պատեհ  առիթն» ապահովողը եղել է, կա ու լինելու է Ադրբեջանն իր սադրանքներով ու հայտարարություններով։ Պարոն Մամիջանյանի ասածում, սակայն, մի բան անհասկանալի մնաց՝ ինչ նկատի ունի նա  իշխանափոխության «յուրաքանչյուր փորձից հետո հայրենասերներն ավելի թույլ են դառնում» ասելով։ «Թույլ են դառնում», քանի որ կռիվ է ընկնում նրանց մեջ, պառակտվում ու բզկտվո՞ւմ են,  թե՞ «թույլ են դառնում», քանի որ իշխանափոխության  հերթական փորձի ժամանակ հանրության մոտ էլ ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, որ ընդդիմությունը հանուն իշխանության է պայքարում, ոչ թե հանուն երկրիս փրկության։      
 
Հ. Մ.