Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խմբակցությունների հետ հանդիպել և որոշել ենք, թե որ հարցը լինի զեկուցվող, որը՝ ոչ. դուք բոյկոտել էիք այդ հանդիպումը. ՔՊ խմբակցության ղեկավարը՝ «Մայր Հայաստան»-ի անդամին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2024թ. փետրվարի 13-ին»,- այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ավագանու նիստին ներկա «Մայր Հայաստան»-ից ավագանու անդամ Սուքիասյանը նախ որոշեց արձանագրել, որ միայն «Հանրային ձայն»-ի աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել քվորում և նիստի անցկացման հնարավորություն ընձեռվեց, և նշեց, որ նախորդ նիստի ժամանակ կարծես թե ձեռք բերվեց համաձայնություն, որ երևանցու առաջ չզեկուցվող հարցեր չպետք է լինեն, և առաջարկեց բոլոր հարցերը դարձնել զեկուցվող:
Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց խստորեն պահպանել օրակարգը. «Ձեր առաջարկը ևս նախկինում լսել էինք և համաձայնություն չունեինք, որ չզեկուցվող հարցեր չենք ունենալու: Նիստի օրակարգը ավելի ու ավելի համալրվելու է, և մենք էդպես կարող ենք օրերով նիստեր անցկացնել: Դուք ներկա եք լինում հանձնաժողովների նիստերին»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ հավելեց. «Ես նախաձեռնել էի խմբակցությունների հետ հանդիպում և որոշել, թե որ հարցը լինի զեկուցվող, որը՝ ոչ: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը այդ հանդիպմանը չմասնակցեց: Այո, պայմանավորվածություն ձեռք է բերվել, բայց դուք էդտեղ չեք եղել, որովհետև ըստ էության երևի բոյկոտել եք այդ հանդիպումը, և մենք մյուս խմբակցությունների հետ այս հարցը քննարկել ենք»:
Քվեարկության արդյունքում օրակարգը հաստատվեց: