Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու հերթական նիստին Մարությանը կրկին չէր ներկայացել, իսկ «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» խմբակցությունների միջև թեժ բանավեճ և ծեծկռտուք տեղի ունեցավ

Երևանի ավագանու այսօրվա նիստը, որին ներկա էին բոլոր խմբակցությունները՝ բացառությամբ «Հանրային ձայնի», անցավ բավական թեժ մթնոլորտում։ Օրակարգում 19 հարց էր ներառված, որից մի մասը՝ չզեկուցվող։ Նիստի սկզբում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը պնդեց, որ օրակարգի բոլոր հարցերը զեկուցվեն, այլապես իրենք կբոյկոտեն նիստերը։
«Ազգային առաջընթացի» ավագանու ընդդիմադիր անդամները ևս դիրքորոշում հայտնեցին, որ բոլոր հարցերը պետք է լինեն զեկուցվող։

«Ազգային առաջընթաց»-ից Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ իրենց համար սկզբունքային է, որ Երևանի ավագանիում առհասարակ չլինեն չզեկուցվող հարցեր։ Ըստ Աբգարյանի՝ անգամ տեխնիկական հարցերը պետք է զեկուցվեն։ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը, մեկնաբանելով ընդդիմության դիրքորոշումն ու բոյկոտի սպառնալիքը, ասաց. «Ո՞վ են իրենք, որ ես իրենց որևէ քայլ մեկնաբանեմ։ Ավագանու նիստը ամիսը մեկ է, և, այո՛, պետք է լինեն չզեկուցվող հարցեր, որովհետև բավականին ծավալուն օրակարգ է և ֆիզիկապես հնարավոր չէ ամբողջական ծավալով քննարկել։ Այնտեղ, չզեկուցվող հարցերը հիմնականում տեխնիկական հարցեր են»:

Ապա Խաչատրյանը նկատեց, որ կա ընդդիմադիր խմբակցություն, որ հանձնաժողովներում չունի անդամներ. «Իսկ ինչո՞ւ Հայկ Մարությանը չի ներկայանում ավագանու նիստերին, ի վերջո հանրությունը նրան քվե է տվել։ Արդյոք սա անարգանք չէ՞ իր ընտրողների նկատմամբ»։ Պատասխանելով  հարցին՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ավագանու մանդատն իրենից չի ենթադրում  մասնակցել միայն ավագանու նիստերին։ 

Աբգարյանը վստահեցրեց, որ Հայկ Մարությանը չի պատրաստվում Անդրանիկ Թևանյանի օրինակով մանդատը դնել։ Ասաց, որ ակտիվորեն աշխատում է խմբակցությունում՝ իրենց լուսանկարներ է ուղարկում։

Ընդմիջումից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ օրակարգում 14 հարց կա, մյուս հարցերը կքննարկվեն ավագանու արտահերթ նիստում, իսկ այդ 14-ից 10-ը առաջարկվել էր չզեկուցվող ընթացակարգով քվեարկել, սակայն խմբակցություններից ստացված առաջարկով պայմանավորված այդ հարցերը կզեկուցվեն։

Չզեկուցվող հարցերի թվում էին Յուրի Սահակյանի, Ալպիկ Մկրտչյանի, Էմիլ Գրիգորյանի, Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման, Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու, աուդիտորական ծառայություն ներգրավելու և այլ տեխնիկական հարցեր։

Ապա զեկուցվող ընթացակարգերով քննարկելուց հետո այս հարցերը արժանացան ավագանու անդամների հավանությանը, ու որոշումները ընդունվեցին։

Ընդունելով ավագանու ընդդիմադիր անդամների մտահոգությունները չզեկուցվող հարցերի մասով՝  քաղաքապետն առաջարկեց խմբակցությունների ղեկավարներին՝ այն հարցերը, որոնք ցանկանում են զեկուցվող ընթացակարգով քննարկել, միայն դրանց մասով առաջարկություններ անել ու դարձնել զեկուցվող։ 

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ, նախկին դաշնակցական, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի որդի Սամվել Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ դիմել է վարչական դատարան՝ Տիգրան Ավինյանի ընտրությունը վիճարկելու հայցով։

«Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանը առաջակեց Եռաբլուր տանող ճանապարհները անվանակոչել ապրիլյան քառօրյա պատերազմին զոհվածներ Ռոբերտ Աբաջյանի և Քյարամ Սլոյանի անուններով։

Ապա ևս մեկ ընդմիջում հայտարարվեց, որից հետո քննարկվեց աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին հարցը։ Հայկ Գրիգորյանը հարցրեց զեկուցողին՝  արդյոք հանձնաժողովում իրենց բարձրացված հարցերը ներառվելո՞ւ են նախագծի մեջ։
Ապա խմբակցության անունից ելույթով հանդես եկավ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ կրկին անդրադառնալով քաղաքապետի երդմնակալությամբ պայմանավորված իրենց՝ դատարան ուղարկված հայցին։ Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց. «Եթե երդմնակալության արարողությունը տեղի չի ունեցել, քաղաքապետ չի ընտրվել՝ տրամաբանությամբ և օրենքով, ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր մարմիններ պետք է չունենայինք։ Հետևաբար հարց՝ ի՞նչ գործ ունեք դուք էս նիստին»։

Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին հարցը դրվեց քվեարկության, և ընդդիմությունը հերթական տեխնիկական խնդիրները ունեցավ։

Հայտարարված հերթական ընդմիջումից հետո հարցը կրկին դրվեց քվեարկության։

 Ապա ելույթով հանդես եկավ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը, որից հետո ծեծկռտուք տեղի ունեցավ Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև։

Ծեծկռտուքից հետո որոշվեց աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին հարցը քննարկել վերջում։
 
Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան