Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանդիպման վերաբերյալ հայտարարությունը փաստում է, որ այն ունի բացառապես ՀՀ դիմակայունությանն ու զարգացմանը միտված օրակարգ

Հանդիպման վերաբերյալ հայտարարությունը փաստում է, որ այն ունի բացառապես ՀՀ դիմակայունությանն ու զարգացմանը միտված օրակարգ
Քաղաքականություն
18:54, 05 апрель 2024
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր Բրյուսելում բարձր մակարդարկով կայացած հանդիպումը առանցքային իրադարձություն է մեր պետության համար: Դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին Գրանադայում Վարչապետի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ ուրվագծվել էր այսօրվա հանդիպման օրակարգը՝ ունենալով տնտեսական եւ դիմակայունության շեշտադրում: Նշվածից առավել, սակայն, կարեւորում եմ հանդիպման բացառիկ ձեւաչափն ու դրա քաղաքական կշիռը: 

«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը: Ուզում ենք, որպեսզի Հայաստանն իր տեղը զբաղեցնի իբրեւ ուժեղ, անկախ պետություն՝ իր հարեւանների հետ խաղաղության մեջ, կապված տարածաշրջանի եւ աշխարհի հետ»:
 
Բլինքենի այս ուղերձը լավագույնս արտացոլում է ՀՀ շահերի զուգահեռումը ԱՄՆ եւ ԵՄ հետ՝ իբրեւ իրավահավասար գործընկերոջ, որի հզորացմանը նպաստելը Արեւմուտքը համարում է իր օրակարգը: 

Հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության բովանդակությունը եւս գալիս է փաստելու, որ հանդիպումն ունի բացառապես ՀՀ դիմակայունությանն ու զարգացմանը միտված օրակարգ, ուղղված չէ որեւէ կողմի դեմ, ինչով եւս նպաստում է լարվածության աճի զսպմանը եւ ուղղակիորեն ծառայում մեր պետության որդեգրած խաղաղության օրակարգին: