Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նպաստել քաոսին ու անկայունությանը, որոնք կարող են հանգեցնել պետականության կորստին. Արդյոք եկեղեցու ուզածը հենց սա՞ է

Նպաստել  քաոսին ու անկայունությանը, որոնք կարող են հանգեցնել պետականության կորստին. Արդյոք եկեղեցու ուզածը հենց սա՞ է
Քաղաքականություն
14:00, 23 апрель 2024
ՀՀ Սահմանադրությունն, ինչպես հայտնի է, ամրագրում է՝ պետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու «բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Քաղաքական դերակատարում՝ ներպետական հարցերին խառնվելու առաքելություն, աշխարհիկ երկրիս Մայր օրենքը չի վերապահում եկեղեցուն, այլապես եկեղեցու սպասավորները կհավակնեին  թիվ մեկ քաղաքական մարմնում՝ ԱԺ-ում ներկայացվածությանը։  Անհերքելի է, որ քաղաքականությունն այսօր եկեղեցու պատերից ներս է թափանցել ավելի, քան երբևէ՝  ՀՀ նախկին որևէ այլ ղեկավարի օրոք։ Եկեղեցին էլ  ոչ այնքան Աստված-ժողովուրդ կապին ծառայող, ազգային միասնությանը սատարող, պետականության շուրջը համախմբող, միով բանիվ՝ հոտին ծառայող մարմին է, որքան քաղաքական ընդգծված  դիրքորոշում ունեցող կառույց՝  հոտի որոշակի  խմբի՝ փոքրամասնության քաղաքական շահերի սպասավորն ու սատարողը։  Թե ինչին են միտված այդ շահերը, տեսանելի է առնվազն վերջին երեք տարիներին՝ ժողովրդի մեծամասնության ընտրությունն առ ոչինչ համարելուն։  Այո, եկեղեցին ամենաբարձր մակարդակով այսօր պահանջատեր է երկրում իշխանափոխության,  և այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարվել է հրապարակավ։ Ուստի պատահական չէ, որ (հատկապես այս օրերին)   հասարակական բևեռվածությունը մեղմելու, տարամետ ուժերին հաշտեցնել-մերձեցնելու, երկրի ապագային առնչվող կնճռոտ հարցերի շուրջ տարընթերցումները  պարզաբանելու և վերջապես՝ իրենց առաքելությունն իրացնելիս  ոչ թե խմբային, այլ ազգային-պետական շահով առաջնորդվելու փոխարեն՝  եկեղեցու որոշ սպասավորներ զբաղված են  պառակտիչ  գործունեությամբ, ընդհուպ՝  հանրությանը սորտավորելով,  տեսակների բաժանելով։  Ավելին՝ իրենց  «տեսակը» և միայն ա՛յդ «տեսակի» ապրելու, լինելիության  իրավունքը  գերակա համարելով եկեղեցու դիրքորոշում-տեսակետը  չկիսող տեսակի նկատմամբ։  

Ասվածի ապացույցը  մասնավորապես Տավուշում  տեղի թեմի առաջնորդի (և ոչ միայն նրա) գլխավորությամբ   իրականացվող գործողություններն են՝ խոչընդոտել սահմանագծման գործընթացին,  հոգևոր հովվի դիրքերից տավուշցիներին  տարատեսակ մանիպուլյացիաներով կերակրել, ըմբոստության կոչ անել, պետության դեմ հանել... Արդ, այս  քայլերն արդյոք տեղավորվո՞ւմ են եկեղեցուն Սահմանադրությամբ վերապահված առաքելության շրջանակներում, թե՞ ի դեմս Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրան սատարող վերադասի՝ գործ ունենք սահմանադրական կարգը խախտող սուբյեկտների հետ։ Մայր օրենքի հետ առճակատման ցանկացած դրսևորում,   տրամաբանորեն, պետության կողմից պետք է համարժեք արձագանքի արժանանա՝ առճակատման գնացած սուբյեկտին   վերադարձնելով իրեն վերապահված լիազորության և առաքելության ծիր։ 

«Էս գործընթացը պետք ա կասեցվի, առաջին մեր մինիմում, ամենաքիչ գործը՝ այս գործընթացը կա-սեց-նե՛լը։ Հստակ ասում եմ՝ էս գործընթացը խաբեությամբ արված գործընթաց ա, երկուշաբթի եկել ա (Ն. Փաշինյանը-խմբ.) Կիրանց, չորս օրվա մեջ քարտեզ են հրապարակել, գրել են, ինչի մասին ա, նշանակում ա՝ նախապես արդեն հստակ, պատրաստված ծրագիրը դրված ա։ Էս ժողովուրդն էլ անմեղ-անմեղ, հավատալով ամեն ինչին, եկել-հասել ա էս օրվան»,- նախօրեին ոսկեպարցիներին այսպիսի ցուցում էր տալիս Տավուշի թեմի առաջնորդը՝ միաժամանակ հավելելով. «Էս երկրում կամ մենք պետք ա ապրենք, կամ իրանք, նրանք, ովքեր թելադրում են՝ էս երկրի ղեկավարի գլխավորությամբ։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Պետք ա հեռանա, ի վերջո, չի կարա սենց լինի, ոչ մի րոպե, ոչ մի օր մեր ոչ միտքն ա հանգիստ, ոչ սիրտն ա հանգիստ, ոչ էլ կյանքն ա հանգիստ։ ...Երեկ մարզպետին էլ եմ ասել՝ իրենց արածը ապօրինի ա, անօրինական ա և հանցանք ա։ Եվ եթե մեզ էսօր ասում են, որ էս տարածքները ադրբեջանական են, սա են, նա են, ուրեմն սա նշանակում ա, որ էս ժողովուրդը, էլ չեմ ասում՝ ՀՀ մնացած մասերի ժողովուրդը՝ ներառյալ մեր ոստիկաններն ու իրավապահ համակարգը, հանցագործ են, որովհետև հազար անգամ չէ, երկու հազար անգամ Ադրբեջանի սահման են հատել ու հետ հատել՝ եթե էդ ա տրամաբանությունը»։ Այս մաքուր քաղաքական, իռացիոնալ  տեքստը,   որում մի շարք անհեթեթ  պնդումներ են արվում և, փաստորեն, առանց հիմնավորման ու փաստարկման,  «ապօրինի» է որակում պետության անունից  սահմանազատման հարցով օրերս կայացված համաձայնությունը, տեղիք է տալիս ենթադրության՝ Մայր աթոռը կողմնակիցն է երկրում քաոս ու անկայունություն ստեղծելուն, երևույթներ, որոնք կարող են ընդհուպ հանգեցնել պետականության կորստի։  Արդյոք եկեղեցու ուզածը հենց սա չէ՞, պայքարը՝ 700 տարի առանց պետականության ապրած ժողովրդին առաջնորդած սուբյեկտի իր դիրքը նորից վերականգնելու համար։    

Այս ենթադրության համար հիմք են հետևյալ իրողությունները. սրբազան հայրը և   նրա վերադասը դեմ են, որպեսզի  ռացիոնալիզը հաղթի ռազմահայրենասիրական արկածախնդրությանը, որպեսզի չեզոքացվի պատերազմի ուրվականը, և կանխվեն դրա՝ միս ու արյուն ստանալու ռիսկերը։   Դեմ են,  որպեսզի տավուշցիները, որոնք սահմանապահ մարզի իրենց առօրյան մինչև այս կազմակերպել են հակառակորդի կողմից չդադարող  կրակահերթերի տակ, եղել թիրախում, խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունք ունենան։  Իսկ որպեսզի սա տեղի ունենա, Տավուշի մարզը պետք է ունենա ոչ թե «հեղհեղուկ», «շարժական»  սահմանագիծ,   այլ՝ սահմանազատված և իրավականորեն ամրագրված սահման։ 
 
Հ. Մանուկյան