Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ
Քաղաքականություն
21:05, 09 сентябрь 2021
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համաժողովը բարձր մակադակով անցկացնելու համար: Ալեն Սիմոնյանը կարեւորեց Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջնային է համարում միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: Նա ընդգծեց, որ չնայած COVID-19-ի առաջացրած խոչընդոտներին՝ բավական ակտիվ համագործակցություն է եղել խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ:

Այս համատեքստում ԱԺ նախագահը շրջադարձային համարեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործունեության մեջ մտնելը, ինչը նոր հեռանկարներ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման համար: Անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության բանակցություններին:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով, ինչը թույլ է տալիս մեր երկրին վարել հավասարակշռված եւ ճկուն արտաքին քաղաքականություն: Իր հերթին Վոլֆգանգ Սոբոտկան բարձր գնահատեց ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումները, ինչի վառ ապացույցն են նաեւ վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Նշվեց, որ մեր երկիրը ողջունում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ամրապնդելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ Արցախի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակում լուծելու գործում Ավստրիայի ջանքերը: Վոլֆգանգ Սոբոտկան համոզմունք հայտնեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Կողմերը մանրամասն քննարկեցին Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի խորհրդարանականներին 2020թ. աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում իրենց խորհրդարանում ագրեսիան դատապարտող քննարկումների եւ հայտարարությունների համար: