Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ կարծում` ամեն տարի Մոսկվայում պետք է մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին. Փաշինյան

Ես չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը կամ մայիսի 9-ի շքերթին։

Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով լրագրողի՝ մասնակցելու է արդյոք վարչապետը ՌԴ մայրաքաղաքում անցկացվող Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթին, հարցին։

«Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ և չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ։ Ես չեմ էլ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը։ Չե՞ք կարծում, որ մի քիչ տարօրինակ կլինի, որ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին»,-ասաց վարչապետը։
Անդրադառնալով նաև ՀՀ վարչապետի մասնակցությանը՝ Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ նիստին, Փաշինյանը նշեց, որ մեկնելու է ՌԴ մայրաքաղաք:

«Վաղը ես ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդում նախագահում եմ և դե յուրե պետք է այնտեղ լինեմ, և դա իմ աշխատանքի մասն է։ Սա էլ է (խմբ. ընթացող ասուլիսը) իմ աշխատանքի  մասը»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ ինքն աշխատում է երկու ամիսը մեկ պահել այս ասուլիսների ցիկլը, որպեսզի նաև լրագրողներին և հանրությանը այս հարցերը տալու հնարավորություն տրվի։