Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է ԱԱԾ նախկին տնօրենը թաքցնում իր կուսակցության նվիրատուներից ոմանց տվյալները. «Դիմադրության շարժման» տարում Վանեցյանի «Հայրենիք»-ը 58 մլն նվիրատվություն է ստացել

Ինչո՞ւ է ԱԱԾ նախկին տնօրենը թաքցնում իր կուսակցության նվիրատուներից ոմանց տվյալները. «Դիմադրության շարժման» տարում Վանեցյանի «Հայրենիք»-ը 58 մլն նվիրատվություն է ստացել
Քաղաքականություն
20:00, 08 май 2024
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի քաղաքական քայլերթին միացած Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հրապարակել է 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի ժամանակաշրջանն ընդգրկող ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը։ 2022-ը, հիշեցնենք, այն տարին է, երբ ԱԱԾ նախկին տնօրենը նստացույց սկսեց (ապրիլի 17-ից) Նիկոլ Փաշինյանին «տուն ուղարկելու» օրակարգով, ապա իր կուսակցությամբ հանդերձ միացավ Քոչարյանի և մերձքոչարյանական ուժերի «Դիմադրության շարժմանը», ապաև՝ մանդատը վայր դրեց և քոռուփոշման հեռացավ ասպարեզից։  Հաշվետվությունը, որը կուսակցությունը պարտավոր է հրապարակել  «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջով,  ենթարկվել է աուդիտի՝ անկախ աուդիտորական կազմակերպության կողմից։ 

«Ազդարար» հարթակում հրապարակվել է հաշվետվության վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, որը, նկատենք,  վերապահումով է։ Ըստ այդմ. «Կուսակցության 2022 թվականի տարեկան հաշվետվության «Պարտավորություններ» բաժնի «3.3 Կրեդիտորական պարտքեր» տողում լրացված 2 242 001 (երկու միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար մեկ) ՀՀ դրամ, ինչպես նաև նույն բաժնի «3.4 Այլ պարտավորություններ» տողում լրացված 10 486 997 (տասը միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ պարտավորությունների առկայության և ամբողջականության վերաբերյալ մեզ չի հաջողվել ձեռք բերել բավարար համապատասխան աուդիտորական ապացույցներ: Հետևաբար մենք անկարող էինք որոշել՝ արդյոք նշված գումարների որևէ ճշգրտում անհրաժե՞շտ էր, թե՞ ոչ։  Կուսակցության 2022 թ.  տարեկան հաշվետվության «1.1 Ղեկավար անձնակազմ» աղյուսակում ներկայացված ղեկավար անձնակազմի կազմը և նրանց պաշտոնը ստանձնելու ամսաթվերը չեն համապատասխանում ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում առկա տվյալներին, չնայած նրան, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում ենթակա են գրանցման: 

Ինչպես ներկայացված է տարեկան հաշվետվության 1.1 Ծանոթագրությունում, Կուսակցությանը 2022թ. ընթացքում ընդամենը 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամի չափով նվիրատվություն կատարած, թվով ութ ֆիզիկական անձանց, անձը հաստատող փաստաթղթերի համարները բացակայում են, ինչը չի համապատասխանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 22 հուլիսի 2022թ. N 04-Ն որոշման 30-րդ մասի 3-րդ կետի պահանջներին»:

Թե ինչու է  ԱԱԾ նախկին ղեկավարի կուսակցությունը որոշել պետությունից և հանրությունից թաքուն պահել ավելի քան 40 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարած անձանց տվյալները և հատկապես ովքեր են այդ անձինք՝ կարելի է միայն ենթադրել։ Աուդիտորական եզրակացության մեջ նշած է նաև. «Ղեկավարությունը պատասխանատու է, «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, տարեկան հաշվետվության պատրաստման և ճշմարիտ ներկայացման և այնպիսի ներքին հսկողության համար, որն ըստ ղեկավարության՝ անհրաժեշտ է խարդախության կամ սխալի հետևանքով էական խեղաթյուրումներից զերծ տարեկան հաշվետվության պատրաստումը ապահովելու համար: Կառավարման օղակներում գտնվող անձինք պատասխանատու են տարեկան հաշվետվողականության գործընթացի վերահսկման համար»:  

Ուսումնասիրելով դեռ 2000-ականների  սկզբին   պետական գրանցում ստացած և միայն 2020-ին Վանեցյանի կողմից ղեկավարվող (կուսակցության նախկին նախագահը դերասանուհի, հասարակական-քաղաքական գործիչ Ժասմեն Ասրյանն էր) «Հայրենիք»-ի 2022 թ. հաշվետվությունը՝ պարզեցինք՝ այն ունի 2 հազար անդամ։  Կուսակցության ղեկավար կազմում, բացի Արթուր Վանեցյանից, ընդգրկված են մասնավորապես նախկին ԲՀԿ-ական, Գագիկ Ծառուկյանի նախկին մամլո խոսնակ  Խաչիկ Գալստյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, Սոս Հակոբյանը, որոնք այժմ փաստաբանական գործունեությամբ են զբաղվում և ստանձնել են Վանեցյանի՝ քրեական հետապնդման ենթարկվող հորեղբորորդի Կարեն Վանեցյանի պաշտպանությունը, ինչպես նաև Ժասմեն Ասրյանը, Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի կինը՝ Արմիդա Դարբինյանը։ 

Հաշվետու տարում, ինչպես պարզեցինք հաշվետվությունից, կուսակցությունը 58 միլիոն 860 հազար  դրամի նվիրատվություն է ստացել, որպես «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ին ունեցած կրեդիտային պարտք նշել է 1,8 մլն դրամ, ՌՌՌ հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի կրեդիային պարտքն էլ կազմել է  442 հազար դրամ, որպես «այլ պարտավորություն» նշված է շուրջ 10 միլիոն 500 հազար դրամ։  

Հարկ է նշել, որ ՌՌՌ ՓԲԸ-ն, որին, փաստորեն,  պարտք ունի ԱԱԾ նախկին տնօրենը, ԱԺ նախկին պատգամավոր, հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանինն է՝ գործարանի 100 տոկոս իրական շահառուն վերջինիս հայրն է՝ Ռաֆիկ Հայրապետյանը։ «Բջնի» հանքային ջուրն արտադրող այս գործարանը, հիշեցնենք, նախկինում պատկանում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ 

Ուսումնասիրելով  նվիրատուների ցանկը՝ պարզեցինք, որ 22 միլիոն դրամ նվիրատվություն կատարած 8 անձինք, որոնց  անձնագրային տվյալները ներկայացված չլինելու մասին էլ հիշատակված է  աուդիտորական եզրակացության մեջ, խոշոր՝ յուրաքանչյուրը 2 միլիոն 500 հազար դրամ են նվիրաբերել։ Նվիրատվությունները կատարվել են տարբեր՝ մայիս, հունիս, հուլիս, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Նկատենք,  որ ամենափոքր նվիրատվությունը նվիրատուների ցանկում կատարել է Վահե Մանուկյանը՝ մեկ անգամ 360 հազար դրամ, մեկ այլ անգամ՝ 1 միլիոն դրամ, հաշվետու տարվա հոկտեմբերին։  2022թ. մյուս նվիրատուներից են բիզնեսմեն Տիգրան Վանեցյանը, որը 2022 թ. հունվարի 7-ին նվիրաբերել է 2 միլիոն 500 հազար դրամ, Գուրգեն Վանեցյանը, որը, ըստ ամենայնի, Տիգրան Վանեցյանի եղբայրն է, նա նույնպես 2 միլիոն 500 հազար դրամ է նվիրաբերել մարտի 18-ին, Վահագն Բոյաջյանը, որը Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ վերջինիս մամուլի խոսնակն էր, ներկայումս էլ «Մեդիահաբ» կայքի (Մեդիահաբ ՍՊԸ) 100 իրական շահառուն է։ Սոս Հակոբյանն ու Խաչիկ Գալստյանը նույնպես յուրաքանչյուրը 2,5 մլն դրամ են նվիրաբերել՝ մեկը՝ հուլիսի 13-ին, մյուսը՝  մարտի 3-ին։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ Արթուր Վանեցյանը դեռ չէր հայտարարել նստացույց անելու մասին, սակայն... մտմտում էր։ Նկատենք, որ հաշվետու տարում կուսակցությունը իրեն պատկանող որևէ գույք չի հաշվառել, իսկ ստացած նվիրատվություններից գոյացած ավելի քան 58 միլիոն դրամից 54 միլիոնը, ինչպես նշված է հաշվետվության «ելքեր» տողում, ելք է արվել գույքի վարձակալության վճարների նպատակով։   

Ուշագրավ է, որ կուսակցությունը իրեն ներկայացնում է որպես «աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում» գործող ուժ և կարևորում է մասնավորապես  «քաղաքացիական հայրենասիրությունը, որի կրողը ստեղծագործ աշխատանքի, հայրենիքը կառուցող և պաշտպանող ՀՀ  քաղաքացիներն են»։  Իսկ թե հայրենասիրության ո՞ր տեսակի կրողն է ինքը՝ ԱԱԾ նախկին տնօրենը, որն այսօր կղերա-քաղաքական, ընդգծված հակաիշխանական շարժման ջատագովությամբ է զբաղված՝  թող դատի ընթերցողը։  

Հ. Մանուկյան