Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը
Քաղաքականություն
15:34, 16 сентябрь 2021
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը, ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն։ Նա շրջել է սրահում, տեղեկացել տեխնիկական հագեցվածությանը, կարողություններին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Փոխվարչապետը նշել է. «Կատարված աշխատանքները հավանեցի: Նախկինում էլ էի եղել օդանավակայանում ու հիշում եմ հին վիճակը: Կարծում եմ` «Շիրակ» օդանավակայանը դառնալու է Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը: Օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները»: Ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառ/մ մակերես, դուրս էր նորմերից և ուղևորների համար խնդիրներ էր առաջացնում, մինչդեռ կառուցված նոր սրահն ունի 870 քառ/մ մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկին դժվարությունները: Նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ։ Թռիչքուղին ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Թեև դրա ասֆալտապատ ծածկույթի կյանքի տևողությունը միջինում 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին վերջին անգամ նորոգվել էր 2007թ.: 14 տարվա շահագործման արդյունքում թռիչքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր ու վնասվածքներ: Կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ: