Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծում եմ՝ Վրաստանը դեմ կլինի Թուրքիայի և ՌԴ-ի առաջարկած 3+3 ձևաչափին. փորձագետ

Կարծում եմ՝ Վրաստանը դեմ կլինի Թուրքիայի և ՌԴ-ի առաջարկած 3+3 ձևաչափին. փորձագետ
Քաղաքականություն
21:30, 06 октябрь 2021
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Վրաստանում կայացած հանդիպման ընթացքում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
 
Երեք երկրների Պաշտպանության նախարարները Վրաստանում հետևելու են նաև շաբաթվա սկզբին մեկնարկած եռակողմ Eternity 2021 զորավարժություններին։ Այս ձևաչափով զորախաղերն անցկացվում են արդեն չորրորդ անգամ՝ 2017 թվականից սկսած։
Civic.am-ը փորձեց պարզել, թե այս համաձայնագիրը ինչ հետևանքներ և ռիսկեր կարող է պարունակել Հայաստանի համար։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի հետ չավարտված պատերազմ ունենալու պայմաններում Թուրքիայի և Ադրբեջանի՝ ցանկացած ֆորմատով համագործակցություն, երկկողմ կամ բազմակողմ ձևաչափով, արդեն իսկ խնդիր է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, և հատկապես, պետք է նկատի ունենալ հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին, տարածքային հավակնություններ դրսևորել մեր երկրի տարբեր բնակավայրերի նկատմամբ և Ադրբեջանը որևէ  ձևով իր օրակարգից չի հանել ուժի կիրառման սկզբունքը։ «Այս փուլում Ադրբեջանի համագործակցությունը դրսևորվում է տարբեր ինստիտուտների միջոցով, որոնք արտահայտվում են զորավարժությունների, սպառազինությունների մատակարարումների, խորացված համագործակցության ձևով, ինչը ինքնին խնդիր է Հայաստանի անվտանգության համար», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով Վրաստանի գործոնին, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Վրաստանի ներգրավումը տարբեր զորավարժություններին, առաջին դեպքը չէ։ «Տարբեր ֆորմատներով Վրաստանն աշխատում է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի համագործակցության հիմքը տնտեսական ակտիվ հարաբերություններն են և այդ երկու երկրների մեծ ներդրումները Վրաստանում ժամանակի ընթացքում բերել են քաղաքական և նաև ռազմական բնույթի համագործակցության։ Այնպես որ, այս գործընթացը պետք է դիտարկել այս համատեքստում», - ասաց Տիգրան Աբրահամյանը։

Վրաստանի քաղաքական հարցերի փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ այն իրենից ներկայացնում է արձանագրություն, որում ֆիքսված են իրենց հերթական հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումները՝ ինչ են քննարկել, ինչ եզրահանգումների են եկել և այլն։ «Համագործակցությունը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կանգ չի առել և այս հանդիպումը դրա վառ ապացույցն է։ Իմ կարծիքով այս հանդիպումը հատուկ համընկեցրել են հերթական զորավարժությունների հետ, որոնք նորություն չեն և ունեն հստակ օրակարգ, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապահովությանը, որոնք անցնում են երեք պետություններով, ինչը ևս հասկանալի է և պարզ է։ Կոնկրետ Վրաստանի մասով Հայաստանի նկատմամբ որևէ  բացասական բան ես այդտեղ չեմ տեսնում։ Վրաստանն ունի իր պրագմատիկ արտաքին քաղաքականությունը», - ասաց Մելիքյանը և հավելեց, որ եռակողմ հանդիպումից առաջ  Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է իր կոլեգաների հետ առանձին և Ադրբեջանի ՊՆ նախարարի հետ ստորագրել է տարվա համագործակցության պլանը, որը ևս նորություն չէ և այդպիսի համագործակցության պլան ունեն թե՛ Ադրբեջանի հետ, թե՝ Հայաստանի։ 

Մելիքյանի կարծիքով՝ այս հանդիպումը և արձանագրության ստորագրումը պայմանավորված չէ Իրանի և Ադրբեջանի միջև եղած զարգացումներով։
«Վրաստանի համար այս հանդիպման օգտակարությունը նրանում էր, որ նախ վարչապետը կարող էր հանդիպել ՊՆ նախարարներին, նախկինում եղավ հանդիպում Բաքվում, մոտ ժամանկներս էլ սպսավում է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան՝ իր նախաձեռնած խաղաղության պլատֆորմի շրջանակներում և բոլոր մայրաքաղաքներում հանդիպումների ընթացքում ինքը փորձում է հասկանալ, թե ինչ պրոցեսներ են ընթանում և ինչ անելիքներ ունի անվտանգության տեսանկյունից Վրաստանը», - ասաց Ջոնի Մելիքյանը։

Մելիքյանից փորձեցինք ճշտել, թե իր կարծիքով Վրաստանը ինչ դիրքրոշում կհայտնի Լավրովի առաջարկած 3+3 պլատֆորմի հետ կապված, Մելիքյանն ասաց․ «Մենք ,ի վերջո, հասկանում ենք չէ՞, որ այս առաջարկն իրականում թուրք-ադբեջանական գաղափար է, ոչ թե ռուսական առաջարկն է, իսկ այդ առաջարկի մեջ չի տեղավորվում Արևմուտքը, ինչը շատ կարևոր է Վրաստանի համար։ Եթե խոսքը գնում է տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման մասին, ապա կա եռակողմ ֆորմատ՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, կա Մինսկի խմբի ֆորմատը, որը պետք է զբաղվի կոնֆլիկտի լուծմամբ», - ասաց Մելիքյանը։
 
 Վրաստանը, ըստ Մելիքյանի, 3+3 ֆորմատին դեմ կլինի։ Ռուսաստանը իր հերթին չի մերժում Թուրքիային և Ադրբեջանին, բայց մերժում է Հայաստանը և Վրաստանը, որի համար կարևոր է, որ Արևմուտքը լինի։ 

Իրանը, ըստ Մելիքյանի, կարող է  համաձայնել 3+3 ֆորմատին, որովհետև ինքը չկա գործող ոչ մի ձևաչափում։ «Մենք հասկանում ենք, թե ինչու կարող է Իրանը համաձայնել, Թուրքիան և Ադրբեջանը՝ պարզ է, Ռուսաստանը չի մերժում նաև այն պատճառով, որ Արևմուտքի ակտիվ համագործակցությունը այդքան էլ իր շահերից չի բխում, բայց  կան Հայաստանը և Վրաստանը, որոնց համար կարևոր է, որ մենք չփակվենք  միայն տարածաշրջանային պետություններով», - ասաց Ջոնի Մելիքյանը։