Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրեասյանն անդրադարձել է ՌԴ-ի հետ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությանը

Անդրեասյանն անդրադարձել է ՌԴ-ի հետ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությանը
Քաղաքականություն
19:16, 25 октябрь 2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու երկրների  ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել նախարարության  բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտների:

Ըստ աղբյուրի՝ կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումը՝ Կարեն Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների միջև փոխգործակցության խորացման հնարավորությանը՝ հատկապես միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։

Նախարարը դեսպանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու ռուս գործընկերոջն ու քննարկելու փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։