Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավական առումով կարող եք խնդիրներ ունենալ, եթե չապացուցեք իմ առնչություններն այդ ֆինանսավորողների հետ․ Արայիկ Հարությունյանը՝ Աղվան Վարդանյանին

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սղվան Վարդանյանի՝ աշխատավարձի ինդեքսավորման վերաբերյալ հարցին, ասաց. «Բա տոներին չե՞ք անդրադառնում, պարոն Վարդանյան»:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց. «ՀՀ բյուջեից 0 դրամ է ծախսվել Անկախության տոնի վրա, և մենք, որտեղ հնարավորություն ունենք, գործընկերների հետ իրականացնում ենք ծրագիր, որպեսզի լրացուցիչ չծանրաբեռնվի բյուջեն»: 
Իսկ ինչ վերաբերում է Քաղաքացու օրվա տոնին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Պարոն Վարդանյան, մենք ամեն տարի պետք է նշենք Քաղաքացու տոնը, ասեմ ավելին՝ այդ բյուջեները, հնարավորության դեպքում, պետք է ավելացնենք, որովհետև ի տարբերություն ձեր իշխանության տարիների՝ քաղաքացին մեր գերագույն արժեքն է, և քաղաքացին է, որ ցույց է տալիս մեզնից յուրաքանչյուրի տեղը մեր քաղաքական կյանքում: Այո, մենք չենք նշելու օլիգարխի տոն, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն. սա այլ արժեհամակարգ կրողներինն է: Մենք նշելու ենք Քաղաքացու տոնը և ավելի մեծ շուքով»:
Արձագանքելով Աղվան Վարդանյանի խոսքին՝ Արայիկ Հարությունյանը նշեց. «Պարոն Վարդանյան, իրավական առումով կարող եք խնդիրներ ունենալ, եթե չապացուցեք իմ առնչություններն այդ ֆինանսավորողների հետ: Խնդրում եմ դա անել, այլապես այլ հարաբերություններում կճշտենք այդ հարցը»: