Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բյուջեով պարգևատրումներ նախատեսված չեն պատգամավորների համար. Ձեր համակիրներից մեկը երեկ ինչ-որ աբսուրդ թիվ էր հրապարակել․Գևորգ Պապոյանը՝ Աղվան Վարդանյանին

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը անդրադարձավ բյուջեից տրվող պարգևավճարների թեմային և հարցրեց. «Անիմաստ ծախսերից բյուջեն չի՞ ուզում ազատվել արդյոք»:

Ի պատասխան ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց. «Վստահեցնում եմ, որ բոլոր հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Բոլոր այն դեպքերում, երբ եղել են որևէ ծախսային հաշվարկներ, որ շեղվում են նորմատիվային կարգավորումներից, դրանք տեղ չեն գտել Բյուջեի մասին օրենքի նախագծում: Կարող եք վստահ լինել, որ բոլոր տողերն իրենց հիմքում ունեն նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգավորումներ»:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը այս հարցի առնչությամբ պարզաբանեց. «Այդ պարգևատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին՝ բացի պատգամավորներից: Պատգամավորները չեն ստանալու պարգևատրում, իսկ 30 տոկոս պարգևատրում ստանալու են այն մարդիկ, ովքեր ամեն առավոտ մաքրում են մեր ու ձեր աշխատասենյակները, ապահովում են ջեռուցումը և այլն»:

Դիմելով Աղվան Վարդանյանին՝ Գևորգ Պապոյանը նաև հավելեց. «Երեկ ձեր համակիրներից մեկը ինչ-որ աբսուրդային թիվ էր հրապարակել և պատգամավորների պարգևատրումներից էր խոսել: Ես ուզում եմ նշել, որ պատգամավորները ամենամսյա պարգևատրում չեն ստացել 2019թ. փետրվարից, և այս բյուջեում ևս նախատեսված չեն այդպիսի պարգևատրումներ»: