Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական արդիականացման տնտեսական շահառուների հրամայականը.1in.am

Քաղաքական արդիականացման տնտեսական շահառուների հրամայականը.1in.am
Քաղաքականություն
14:02, 08 ноябрь 2021
Հայաստանի ներքաղաքական պայքարում քաղաքական բովանդակության պակասի վերաբերյալ արձանագրումներն ու գնահատականները նորություն չեն վաղուց: Նաև նորություն չեն խոսակցությունները այն մասին, որ Հայաստանին պետք է հաղթահարել այդ անբովանդակությունն ու գալ լուրջ քննարկումների, հասարակական-քաղաքական լուրջ, արդիական օրակարգի դաշտ, հակառակ դեպքում ավելորդ է խոսել առկա և զարգացող մարտահրավերներին դիմադրելու ունակ, մրցունակ պետության մասին: Սակայն, ըստ էության ավելորդ է թերևս խոսել նաև լուրջ բովանդակության դաշտ գալու անհրաժեշտության մասին: Այյդ մասին խոսվում է այնքան վաղուց, որ «ականջ ունեցողը կլսի, իսկ աչք ունեցողը՝ կտեսնի»: Ըստ այդմ, այդ դաշտ գալու ժամանակն է, դրա ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարելու: Եվ այստեղ էլ սակայն կա մի ընկալում, որը թերևս արժանի է որոշակի դիտարկման:

Խոսքն այն մասին է, որ լուրջ հասարակական-քաղաքական օրակարգի գալու «պատասխանատվությունը» դիտարկվում է այսպես ասած քաղաքական, հասարակական դաշտում, քաղաքական և հասարակական խմբերի տիրույթում: Ասել, թե դա այդպես չէ, թե դիտարկումը համարժեք չէ, իհարկե կլինի սխալ:

Հասարակական-քաղաքական սուբյեկտները, առաջատար ակտիվ միավորները, ֆոկուս խմբերը պարտավոր են լուրջ խոսակցության անհրաժեշտության մասին խոսակցության փոխարեն պարզապես սկսել այդ լուրջ խոսակցությունը և օրակարգի, բովանդակության ձևավորումը: Ընդ որում, պետք է նկատել, որ արդեն կան այդպիսի խոսակցության նախաձեռնություններ, առանց ավելորդ պաթոսի, առանց «ռազմա-հայրենասիրական» ռոմանտիզմի, առանց ուռա-հայրենասիրական կարգախոսների, մեծախոսության: Սակայն, այդ ամենին զուգահեռ, այդ ամենի դինամիկան և գործողությունների միջավայրը ընդլայնելուն զուգահեռ, պետք է խոսել նաև լուրջ օրակարգի համար այսպես ասած տնտեսական վերնախավի պատասխանատվության մասին, հասարակական-քաղաքական խմբերին, միավորներին, կուսակցություններին զուգահեռ, որոնք թեկուզ շատ քիչ, սակայն սկսել են բովանդակային խոսակցության փորձերը, քայլերը: Տնտեսական վերնախավի խնդիրը, առավել ևս այնպիսի բազմաբնույթ և ընդգրկուն տնտեսա-քաղաքական, աշխարհ-տնտեսական, ռազմա-քաղաքական մարտահրավերներ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարող լինել լոկ ոլորտային գործունեությունը կամ առավելագույնը՝ սոցիալական պատասխանատվությունը: Տնտեսական վերնախավը պետք է ունենա նաև քաղաքական պատասխանատվության գիտակցում:

Խոսքը անշուշտ ներքաղաքական դիրքորոշումների մասին չէ: Այդ ամենը թող յուրաքանչյուր տնտեսվարող պահի իր մեջ: Խոսքը քաղաքական միջավայրի արդիականացմանն ուղղված աշխատանքի, հասարակական-քաղաքական օրակարգի լրջացմանը, արդիականացմանն ուղղված գործունեության մասին է, այդ օրակարգի ծավալման համար անհրաժեշտ միջավայրեր ձևավորելու, հարթակներ, հաղորդակցության տարածություններ ձևավորելու մասին:

Տնտեսական վերնախավը պետք է լինի քաղաքական ռազմավարության հարցում կամ ռազմավարական քաղաքականության հարցում առաջնային շահագրգիռ սեգմենտը, որովհետև չի կարող տնտեսվարողին՝ առավել ևս շատ, թե քիչ կշիռ ունեցող, չհետաքրքրել երկրի հասարակական-քաղաքական բովանդակությունը, ինչպես նաև այն, թե ինչ մտածողության, ինչ պատկերացումների տեր սերունդ է ձևավորվում, որը ապագայում ստանձնելու է նաև քաղաքական օրակարգ սպասարկելու առաքելությունը կամ պարզապես գործը: Ահա այդ իմաստով, հայկական քաղաքականության որակը բոլորովին կախված չէ միայն քաղաքական կամ հասարակական վերնախավերի որակով, այլ նաև տնտեսական վերնախավի: Եվ ավելին, ավելի շուտ գուցե հենց տնտեսական վերնախավի, որը զգալիորեն պետք է լինի քաղաքականության որակի պահանջարկ ձևավորող առաջնային սուբյեկտներից մեկը: Այս տեսանկյունից, Հայաստանում կա տնտեսական արդիական վերնախավի և դրա լայն հասարակական-քաղաքական պատասխանատվության ձևավորմանն ուղղված խորքային վերափոխումների անհրաժեշտություն:

Աղբյուր՝ 1in.am