Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման, ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում. ԱՀ խորհրդարան

Տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման, ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում. ԱՀ խորհրդարան
Քաղաքականություն
12:55, 09 ноябрь 2021
Այս պահին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն անցկացնում է արտահերթ նիստ:

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Արցախի խորհրդարանի կուսակցությունները համաձայնել են ընդունել հայտարարություն «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին», որում ամրագրված է, որ Արցախը չի հրաժարվում իր իրավունքների ճանաչումից, Արցախն իրեն պարտված չի համարում (հիմնական զեկուցող Ա. Թովմասյան):

Ներկայացնում ենք հայտարարության տեքստի նախագիծը.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը 

ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ 

2020 թվականի աշնանը Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ագրեսիա է իրականացրել Արցախի Հանրապետության հանդեպ և 44 օր տևած պատերազմի արդյունքում բռնազավթել է հանրապետության տարածքի մեծ մասը:

Իր պատմական հայրենիքից Արցախի բնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր ընտանիքներ են ունեզրկվել և հայրենազրկվել, ոչնչացվել ու պղծվել են ազգային-մշակութային և քրիստոնեական հարյուրավոր հուշարձաններ ու կոթողներ:

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված զինադադարով կասեցվել է արյունահեղությունը: Այդուհանդերձ, մեր խորին համոզմամբ, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության սպառնալիքը կարող է կանխվել, և տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջև տևական խաղաղություն կարող է հաստատվել միմիայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, գերեվարված մեր հայրենակիցների ու բռնի տեղահանվածներին հայրենի օջախներ վերադարձնելու և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորման պարագայում:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, անհետաձգելի քայլեր ձեռնարկել Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը վերսկսելու և հիմնախնդրի համապարփակ լուծումն ապահովելու նպատակով:

Ոգեկոչելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակների հիշատակը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացների օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական նորմերին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, վերահաստատում է՝ ազատ ու անկախ Արցախը պահպանելու 1988 թվականին ստանձնած հանձնառությունը և Արցախի Հանրապետության ժողովրդի վճռականությունը՝ հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իր իրավունքը պաշտպանելու գործում:

ք. Ստեփանակերտ

9 նոյեմբերի 2021