Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պապիկյանի նշանակումով Փաշինյանը գնում է կտրուկ ռեֆորմի և հրաժարվում նախկինում որդեգրած պահպանողական քաղաքականությունից

Պապիկյանի նշանակումով Փաշինյանը գնում է կտրուկ ռեֆորմի և հրաժարվում նախկինում որդեգրած պահպանողական քաղաքականությունից
Քաղաքականություն
13:15, 15 ноябрь 2021
Պատերազմից հետո վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք, իշխանության գալով, որդեգրել են բանակին ոչ մի առումով ձեռք չտալու քաղաքականություն, այսինքն՝ զերծ են մնացել բանակում կադրային կտրուկ փոփոխություններից, համակարգից դուրս գտնվողներին համակարգ բերելուց և քաղաքական նշանակումներից, միայն կատարել են բանակի կարիքների բավարարում։ Սա է հենց պատճառը, որ բանակում փաստացի ոչ մի ռեֆորմ (բացի սնունդն ու հագուստը) չի կայացել։ 

Շատերը կարծում էին, որ այս խոստովանությունից հետո գոնե վարչապետը կգնա կտրուկ կադրային փոփոխությունների,  բայց դրան հաջորդեց Արշակ Կարապետյանի նշանակումը։ 

Ռազմական կրթություն էլ պետք չէ հասկանալու համար, որ համակարգը համակարգի ներսի մասնիկներով բուժել հնարավոր չէ և միջամտությունը պետք է դրսից անել, այսինքն՝ գնալ կադրային կտրուկ փոփոխությունների։ 

Այս առումով Պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնը ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին վստահելը կարևորագույն և բոլոր առումներով լավ որոշում է։ 

Նախ՝ Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, փաստացի մարտական պայմաններում զորքերի հրամանատարությունը մնում է ԳՇ պետի վրա, որը բնականաբար զինվորական է, գեներալ։ Բայց այ բանակաշինության, դրանում մոտեցումների, զինվորականների հետ տարվող աշխատանքների մասով մոտեցումները պիտի լինեն քաղաքական ու հստակ ռեֆորմիստական։

Այս առումով Պապիկյանը իրեն հրաշալի է դրսևորել Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում։ Տարիներով ամենակոռումպացված համակարգից Պապիկյանը կարճ ժամանակում ստացավ ժամացույցի պես աշխատող մեխանիզմ, որի աշխատանքի արդյունավետությունը ժամանակին ընդունել են անգամ ամենասուր ընդդիմադիրները։ 

Կարևոր է նաև անձնային խառնվածքը, այս առումով էլ Պապիկյանը ՔՊ-ում համարվում է ամենախիստ և պահանջկոտ գործիչներից մեկը, պատահական չէ, որ ՔՊ վարչության ընտրություններում վարչապետից հետո երկրորդ ամենաշատ ձայնը հենց նա էր հավաքել կուսակցության ներսում։ 

Եթե ամփոփելու լինենք, ապա միանշանակ է, որ այս նշանակումը վաղուց էր հասունացել ու անգամ փոքր ինչ ուշացած է, ակնհայտ է նաև, որ Պապիկյանը ոչինչ չի խնայելու այս նշանակումը արդարացնելու համար, և որ բանակային ռեֆորմները սկսվելու են շատ արագ։

Ջոնիկ Պետրոսյան