Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վենդետա է լինելու այն համայնքների եւ հիմնարկների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին ենթարկել են հարկադրանքի․ Նիկոլ Փաշինյան

Վենդետա է լինելու այն համայնքների եւ հիմնարկների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին ենթարկել են հարկադրանքի․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
14:55, 08 июнь 2021
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թալին քաղաքում էր։ Փաշինյանը՝ նախ իր խոսքում նշեց, որ փողոցը, որտեղ կանգնած են չի ասֆալտապատվել 40 տարի եւ այժմ ասֆալտապատվում է։ 

«Ես հիմա այս այցերի ընթացքում այսպես հավաքածու եմ հավաքում ճանապարհների, մանկապարտեզների,դպրոցների, որ 40 տարի չեն նորոգվել եւ նորոգվում են», - ասաց Փաշինյանը եւ իր խոսքում հերթականությամբ նշեց այն ճանապարհները, որոնք վերանորոգվել են կամ վերանորոգվում են։

Նիկոլ Փաշինյանը խոսելով Թավշյա հեղափոխության մասին, հիշեցրեց, որ նախկինում հայտարարել էին, որ կադրային ջարդ չի լինելու, վենդետաներ չեն լինելու․ «Հիմա շատերը եւ շատերս դժգոհ ենք այդ դիրքորոշումից եւ իրողությունից։ Հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են եւ ջարդի են ենթարկվելու։ Կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում եւ այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում. տվեք այդ կադրային ջարդելու մանդատը եւ մենք բոլորս դուրս կշպրտենք այդ տրոյական ձիերին», - ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ նախկինում ասել էին՝ վենդետաներ չեն լինելու եւ հավելեց․ «Ինձ այսօր տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, որ մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով։ Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների եւ համայնքների  ղեկավարներ իրենց վարչական լծակները օգտագործելով մարդկանց տանում են հավաքների։ Ես իրավապահներին ասում եմ, որ մարդկանց հարկադրելը կամ հետ պահելը հավաքներին մասնակցելուն քրեորեն պատժելի է, բայց այս դեպքում կան պրոցեդուրաներ, մարդիկ պետք է գնան ցուցմունք տան, ընդունեն»։

Նա ընդգծեց․ «Ես հիմա ուղիղ  եւ հստակ ասում եմ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին ենթարկել են հարկադրանքի։ Ինձ չի հետաքրքրում մասնավոր կլինի, թե հանրային, այն հիմնարկների ղեկավարները, որ իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի են ենթարկել՝ ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»։

Նա նաեւ ավելացրեց, որ խոսքը ֆիզիկական հաշվեահրդարի մասին չէ․ «Այդ համայնքների ղեկավարները կարճ ասած ռադ են լինելու եւ այդտեղ լինելու են արտահերթ ընտրություններ։ Զգուշացնում եմ՝ հանկարծ չփորձեք թփրտալ»։