Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պնախարարի պաշտոնը քաղաքական է, և Պապիկյանի նշանակումը հասկանալի է. Նա և՛ նախարարի, և՛ փոխվարչապետի պաշտոնում արդարացրել է իրեն. Գագիկ Մելքոնյան

Պնախարարի պաշտոնը քաղաքական է, և Պապիկյանի նշանակումը հասկանալի է. Նա և՛ նախարարի, և՛ փոխվարչապետի պաշտոնում արդարացրել է իրեն. Գագիկ Մելքոնյան
Քաղաքականություն
18:34, 15 ноябрь 2021
«Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, և իշխող ուժը պետք է այդ պաշտոնում նշանակի նրան, ում վստահում է։ Այդ առումով ինձ համար հասկանալի է Սուրեն Պապիկյանի նշանակումը Պնախարարի պաշտոնում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և նրա փոխարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ՊՆ աշխատակազմին է ներկայացրել արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ 

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ բանակով, զորքերով, բանակի մարտական, տակտիկական պատրաստությամբ, հետախուզությամբ և մնացած այլ գործառույթներով զբաղվում է Գլխավոր շտաբի պետը, իսկ նախարարի պաշտոնը քաղաքական է: «Պատերազմի ժամանակ պատերազմը մղում է Գլխավոր շտաբը, նախարարի խնդիրը մատակարարումն է։ Գլխավոր շտաբը պետք է  պահանջարկ ներկայացնի, իսկ նախարարությունը կատարի այդ պահանջարկը։ Սա է հիմնական խնդիրը։ Պապիկյանն էլ արդեն ցույց է տվել, թե ինչպես է աշխատում։ Թե՛ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ, թե՛ փոխվարչապետ եղած ժամանակ ցույց է տվել, որ կարողանում է աշխատել, ունակ է, արդարացրել է  իրեն։ Հետևաբար նորմալ եմ համարում այդ նշանակումը»,- ասաց  Մելքոնյանը։  
Ինչ վերաբերում է սահմանին ստեղծված իրավիճակին, ԱԽ տարածած հաղորդագրությանը, որով փաստացի հաստատվեցին երեկ տեղի ունեցած զարգացումները, ԱԺ իշխող ուժի պատգամավորը պարզաբանեց. «Տեղի է ունեցել հենակետերի խնդիր, որը եղել է միշտ ու կլինի, երբ մեր հակառակորդը սադրիչ է։ Մեր հակառակորդի խնդիրը ուրիշ բան է, և նա գնում է դրան։ Միջադեպը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ իրենք 2-3  կմ խորացել են մեր տարածքի մեջ, իսկ մեր հենակետերը գտնվում են իրենց թիկունքում։ Իրենք ուզում են, որ այդ տարածքը  անհսկելի լինի։ Հիմա այդ միջադեպից հետո այդ 4 հենակետերում ոչ մերոնք են նստած, ոչ էլ իրենք են նստած։ Իրենք ուզում են, որ դա մնա միջանկյալ տարածք և ոչ ոքի կողմից չհսկվի»։ 

Մեր դիտարկմանը՝ որ դա փաստացի ՀՀ տարածք է, և Ադրբեջանը չպետք է որոշի՝ մենք մեր տարածքում ինչպես վարվենք, Մելքոնյանը պատասխանեց. «Այո, դա ՀՀ տարածք է, իրենք այդ տարածքի նկատմամբ ոտնձգություն գործել են դեռևս մայիս ամսին։ Այդ 4 հենակետերը սահմանի վրա են, շղթան գնում է մինչև վերջ, իսկ  ներքևի հատվածով՝ մինչև Վարդենիս։ Այդ 4 հենակետերը այդ շղթայի վրա են։ Երբ ադրբեջանցիները սնունդ են տանում, մեր այս հենակետերի մոտով անցնելիս ստուգում  էին անցնում և նոր անցկացնում էին իրենց սնունդը ՝ ըստ պայմանավորվածության։ Հիմա՝ այս միջադեպից հետո, գնում են բանակցություններ, որ վերջնական այդ խնդիրը լուծվի»,- ասաց Մելքոնյանը։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի կողմից այս գործողությունների իրականացումը, Սյունիքում անցակետերի տեղադրումը պատասխան են Հայաստանի կողմից դիրքորոշման ևս մեկ անգամ հստակեցման, որ միջանցք չի լինելու: «Հայաստանի կողմից ևս մեկ անգամ այդ դիրքորոշման հստակեցումից հետո Ադրբեջանը նախ սկսեց այդ անցակետերը տեղադրել, հետո երեկվա սադրիչ գործողություններին անցավ։ Մեզ ուզում են ճնշել, որ մենք գնանք դրան, միջանցք տրամադրենք, բայց մեր իշխանությունը դրան գնացողը չէ։ Մինչև սահմանազատում և սահմանագծում չիրականացվի, նման բաները անընդհատ կլինեն»,- ասաց Մելքոնյանը։