Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյանում վերջ է տրվելու կլանային համակարգին, հաստատվելու է իրավահավասարություն. Պավել Ցուգունյան. ՀԺ

Աբովյանում վերջ է տրվելու կլանային համակարգին, հաստատվելու է իրավահավասարություն. Պավել Ցուգունյան. ՀԺ
Քաղաքականություն
15:19, 20 ноябрь 2021
Ես պետականամետ գործիչ եմ, և Աբովյանում դա գիտեն: Այսպես է իրեն բնութագրում սույն թվականի դեկտեմբերի 5-ին Աբովյանում սպասվելիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Պավել Ցուգունյանը:
«Հայկական ժամանակ»-ը Ցուգունյանի հետ խոսել է քարոզարշավի, նախընտրական խոստումների և Աբովյանում կլանային համակարգի վերացման մասին:
- Պարոն Ցուգունյան, ինչպե՞ս կայացվեց որոշումը՝ Աբովյանում Ձեզ առաջադրելու որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու:
- Ես Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային խորհրդի նախագահն եմ: Միշտ եղել եմ Աբովյանի տարածքային գրասենյակի ղեկավարը: Թիմն ինձ ճանաչել է, առաջարկել իմ թեկնածությունը: Եղել են մի քանի թեկնածուներ, բայց ընդհանուր հայտարարի ենք եկել, որ բոլորի կողմից ամենից շատ ընդունված թեկնածուն ես եմ: Շատ ուրախ եմ ու սիրով ընդունել եմ առաջարկը:
- 2019 թվականին՝ Աբովյանի ընտրությունների ժամանակ, ինչո՞ւ Ձեզ չէին առաջադրել, այլ Գրիգոր Գուլյանին, որը հիմա Ձեր ավագանու ցուցակի երկրորդ համարն է:
- Այն ժամանակ կուսակցության ակտիվով ժողով հրավիրեցինք: Առաջադրվել էր նաև իմ թեկնածությունը, սակայն նպատակահարմար գտանք, որ 2019-ի ընտրությունների ժամանակ առաջադրվի Գրիգոր Գուլյանը:
- Այդ ժամանակ ՔՊ թեկնածուն չհաղթեց: Այժմ ինչպե՞ս եք գնահատում Ձեր՝ հաղթելու շանսերը:
- 2019-ին Աբովյանում կար վախի մթնոլորտ: Շատերը մտածում էին՝ եթե չընտրեն, ապա աշխատանքից կզրկվեն: Այս 3 տարվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ յուրաքանչյուր քաղաքացի օրենքով պաշտպանված է:
- Ստացվում է, որ Աբովյանում այլևս չկա՞ վախի մթնոլորտ:
- Չեմ կարող բացառել, որ դեռևս փոքր-ինչ կա, սակայն շատ կարծրատիպեր կոտրվել են:
- Նախընտրական ծրագիրը կազմելիս ինչի՞ն եք առաջնահերթություն տվել:
- Մեծ ուշադրություն ենք դարձրել բնակֆոնդին: Աբովյանում կան վթարային հանրակացարանային շենքեր, որոնցից երկուսն ամենաբարձր աստիճանի վթարային են: Ներդրողների և Կառավարության համատեղ աշխատանքի շնորհիվ բնակիչներին ցանկանում ենք ժամանակավորապես տեղափոխել պետական կամ համայնքային տարածքներ, հանրակացարանների փոխարեն կառուցել նորակառույց շենքեր և դրանք վերադարձնել այդ հանրակացարանների բնակիչներին:
- Ձեր նախընտրական ծրագրի կետերից մեկն այն է, որ ցանկանում եք Աբովյանը դարձնել ժամանցային համայնք: Ի՞նչ է սա ենթադրում:
- Ես, լինելով աբովյանցի, դեռ երիտասարդ տարիքից ժամանցի համար գնում էի Երևան, քանի որ Աբովյանում չկան երիտասարդների համար հետաքրքիր վայրեր: Կային սրճարաններ, որտեղ հիմնականում տղաներ էին այցելում, կանանց հետ գնալու համար հարմար վայրեր չէին: Այս վերջին տարիներին է, որ մի քանի սրճարան է բացվել, բայց դա բավական չէ՝ Աբովյանում ժամանց կազմակերպելու համար: Մենք ցանկանում ենք ստեղծել երիտասարդական խումբ, որպեսզի այդ խումբը կազմակերպի ժամանցային կյանքը համայնքում: Աբովյանցին ժամանցի համար չի գնա Երևան, եթե մենք առաջարկենք այլընտրանք:
- Դրույթներից մեկն էլ գյուղատնտեսության ոլորտին նորարարական լուծումներ տալն է: Որո՞նք են լինելու դրանք:
- Գյուղացիներին առաջարկելու ենք ստեղծել ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, քանի որ դա ավելի արդյունավետ է, քան տարիներ շարունակ հողամասը մշակելու ավանդույթը: Ես աշխատել եմ «Կոտայքի ՋՕԸ»-ում, շատ լավ տեղյակ եմ այն մեխանիզմներին, թե ինչպես անել, որ ջրային ռեսուրսների խնայողություն լինի:
- Երբ Ձեր քաղաքական ուժի ծրագիրը ներկայացնում եք ընտրողներին, հանդիպումներ ունենում, ի՞նչ եք հասկանում՝ ընդունվա՞ծ թեկնածու եք և ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
- ԻՄ շանսերը շատ բարձր եմ գնահատում: Մեր թիմը եկել է լուրջ ծրագրերով, մեր ավագանու անդամներն իրենց բնագավառում լավագույններից մեկն են. բոլորը հարգանք են վայելում Աբովյանում և հարակից գյուղերում: Ես աշխատել եմ մեր մարզում, եղել եմ մարզպետի օգնական, բոլորը տեսել են իմ աշխատանքը, տեսել են, թե ինչ պետականամետ և օրենքի գերակայություն հաստատող անձ եմ:
- Պարոն Ցուգունյան, երկար տարիներ հանրության շրջանում Աբովյանը հայտնի է «որպես Գագիկ Ծառուկյանի քաղաք»: Ձեր ընտրվելու դեպքում բացառո՞ւմ եք այն բարքերը, որ կարող է համայնքն ինչ-որ մարդու կամ մարդկանց տիրապետության տակ գտնվել:
- Ես արդեն նշեցի, որ պետականամետ գործիչ եմ: Աբովյան խոշորացված համայնքում ստեղծվելու է իրավահավասարություն, յուրաքանչյուր անձ, կապ չունի, թե ինչ քաղաքական պատկանելիություն ունի, հավասար է լինելու օրենքի առջև: Վերջ է տրվելու կլանային համակարգին: