Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Գրիգորյան, դուք թյուր պատկերացում ունեք ԱԺ գործունեության մասին. մերժել եք նաև վարչապետի հանդիպման առաջարկը. Ռուբեն Ռուբինյանը՝ Աննա Գրիգորյանին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ օրակարգում «Հայաստան» դաշինքի կողմից ներառված է հրատապ թեմայով՝ ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձման խնդիրների հարցը: 

Դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ նա ասաց. «Ես ուզում եմ հասկանալ, դուք՝ որպես ԱԺ նախագահություն, կարողացե՞լ եք արդյոք ապահովել, որպեսզի նիստին ներկա լինեն Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը և ԱԱԾ ղեկավարը»:

Ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց. «Տիկին Գրիգորյան, ինձ թվում է՝ դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք ընդհանրապես խորհրդարանականների փոխհարաբերությունների և ԱԺ նախագահության ու պատգամավորների փոխհարաբերությունների մասին: ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել Ազգային ժողովի նորմալ գործունեությունը անխափան, և այդ պարտականությունը կատարվում է: Իսկ թե կառավարությունից ով կգա կամ չի գա այդ քննարկմանը, կարծում եմ՝ ձեր և կառավարության փոխհարաբերությունների տիրույթում է կամ կառավարության նպատակահարմարությունների տիրույթում է»:

Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ ամեն չորեքշաբթի կառավարության հետ լինում է հարցուպատասխան, որի ժամանակ նաև ընդդիմությունը հնարավորություն է ունենում հանրայնորեն հարցեր բարձրացնելու. «Վարչապետը նաև առաջարկ է արել նաև ձեր խմբակցությանը հանդիպում ունենալ և խոսել, ինչն ըստ էության մերժվել է»: