Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արծվիկ Մինասյանը 30 տարի Հայաստանում ապրել է, մորթվե՞լ է»․ Ժիրայր Լիպարիտյանը՝ Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու քննադատությանը․ տեսանյութ

Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել էր դիվանագետ, ԱԳ նախկին նախարարի տեղակալ Ժիրայր Լիպարիտյանի հետ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ հանդիպումը ինքն էր նախաձեռնել, և ոլորտային քննարկումները միայն ու միայն դրական ազդեցություն կարող են ունենալ։ Նշենք, որ Ժիրայր Լիպարիտյանը 1993-1994 թթ. զբաղեցրել է արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 

Հանդիպումից հետո փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Ժիրայր Լիպարիտյանից։

Լիպարիտյանը նշեց, որ ինքը մշտապես կողմ է եղել հարևանների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հաստատմանը։ 

Խոսելով իր հրապարակած «Սև թուղթ» գրքի հասցեին հնչած քննադատությունների մասին՝ ասաց. «Բա ի՞նչ կակնկալեիք. մարդիկ, ովքեր իրատեսությամբ չեն ուզեր մոտենալ և ցնորքներով կուզեն ապրիլ, իրենց, այսպես ասած, երազներով, ի՞նչ պիտի մտածեին այդ «Սպիտակ թղթի» մասին, որ հրավեր է մտածելու, մտածելով քաղաքականություն վարելու»։

Դիտարկմանը, թե, օրինակ, Արծվիկ Մինասյանն ասում է, թե ի՞նչ բարիդրացիության մասին կարող է խոսք գնալ, երբ հարևանն ուզում է մորթել, սպանել, վերացնել մեզ, Լիպարիտյանը նկատեց. «Արծվիկ Մինասյանը Հայաստան ապրել է, մորթվե՞լ է։ Երեսուն տարի Հայաստանում ապրել է, մորթվե՞լ է»։

Էդուարդ Աղաջանյանն էլ, անդրադառնալով համեմատությանը, թե երբ հարևանդ ուզում է խլել տունդ, քեզ սպանել, ինչպե՞ս կարող ես հետը հարևանություն անել և նույնը նաև արտաքին քաղաքականության համատեքստում կարելի է ասել, ասաց. «Ցավն այն է, որ մեր դաշնակցական գործընկերները քաղաքական պրոցեսները նմանատիպ տրիվիալ և պրիմիտիվ ձևով են պատկերացնում, և, թերևս, սա Հայաստանի պատմության ներքաղաքական, արտաքին քաղաքական դիսկուրսի տկարության լավագույն օրինակն է», և ավելացրեց, որ ՀՀ-ն ունի կոնկրետ հարևաններ և դրանից չի կարող խուսափել, հետևաբար այլընտրանք, քան հարևան պետությունների հետ  բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է, ուղղակի չկա։

Աղաջանյանը նշեց նաև, որ հայկական կողմը չի հրաժարվում իր շահերից, և խոսքը միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, և սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից, այլ ընդհակառակը՝  իրենց կարծիքով, Հայաստանի շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան