Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի կարելի մեկ անձի համար 1-միլիոնանոց քաղաքը տանել արտահերթ ընտրությունների․ բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում, և նա չի ցանկացել վերացնել խզումը. Արմեն Գալջյան

Չի կարելի մեկ անձի համար 1-միլիոնանոց քաղաքը տանել արտահերթ ընտրությունների․ բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում, և նա չի ցանկացել վերացնել խզումը. Արմեն Գալջյան
Քաղաքականություն
11:42, 21 декабрь 2021
«Չի կարելի մեկ անձի պատճառով, մեկ անձի համար 1-միլիոնանոց քաղաքը տանել արտահերթ ընտրությունների։ Մարդիկ ընտրել են, որպեսզի խնդիրները լուծվեն, և չեն ընտրել, որ որևէ անձի կոմֆորտի զոնայում կառավարվի քաղաքը»,- այսօր Մեդիա կենտրոնի քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ հավելելով, որ օրենքով այդ լիազորությունը տրված է ավագանուն՝ հենց այսպիսի դեպքերի համար։ 

«Քաղաքական խզումը սկսվել է մեկ տարի առաջ, երբ պարոն Մարությանը պատերազմից հետո կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Մինչ այդ էլ եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք եղել են այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր է եղել հարթել, այսինքն հիմնականում աշխատանքային մակարդակի խնդիրներ են եղել։ Բայց ինչ-ինչ պատճառներով պարոն Մարությանն այդպիսի որոշում է կայացրել, ցավոք սրտի, և դրանից հետո մոտ մեկ տարի է մենք փաստացի ճգնաժամում ենք աշխատել, ուղղակի դա ի ցույց չենք դրել հանրությանը, որովհետև երկիրը գտնվել է ծանր վիճակում և մենք գտել ենք, որ մեր տարաձայնությունները պետք է սառեցնենք»,-ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Խոսելով քաղաքապետի հրաժարականի անհրաժեշտության մասին՝ նա նշեց, որ քաղաքական տրամաբանությունը և Ընտրական օրենսգրքի տրամաբանությունը դա են հուշում։

«Օրենսդրությունն ավագանուն տվել է լիազորություն՝ անհրաժեշտության դեպքում և վստահության բացակայության դեպքում փոխել քաղաքապետին, ինչը մենք հիմա անում ենք»,-ասաց նա։

Արմեն Գալջյանը նշեց, որ չի ուզում խոսել պատճառների մասին, թե ինչո՞ւ չի հաջողվել տարաձայնությունը հարթել։ «Բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում, և նա իմ կարծիքով, չի ցանկացել օգտվել այդ հնարավորությունից և վերացնել այդ խզումը»,-նշեց նա։

Այնուհետև Արմեն Գալջյանը, բերելով խորհրդարանի օրինակը, ասաց, որ երբ պատերազմից հետո քաղաքական ճգնաժամ եղավ, ընդդիմությունը պահանջեց վարչապետի հրաժարական, խորհրդարանական մեծամասնությունը կարող էր փոխել վարչապետին, և ճգնաժամն այդ կերպ լուծվեր, բայց երբ խորհրդարանական մեծամասնությունն ասաց, որ վարչապետ տեսնում է այն մարդուն, որն այդ պահին էր վարչապետ, ապա ճգնաժամը լուծելու միակ ելքը խորհրդարանից դուրս էր՝ արտահերթ ընտրությունները։ 

«Այս դեպքում քաղաքի խորհրդարանում այս հարցը լուծվում է, գնանք արտահերթ ընտրությունների ինչի՞ համար»,- ասաց Արմեն Գալջյանը։ 

Օրերս Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գրիգոր Երիցյանն էլ աաց, որ քաղաքի խորհրդարանը, ցավոք սրտի, այսօր չի ներկայացնում Երևանի շահերը։