Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«2018 թվականին հայ ժողովուրդը վարչապետ չի ընտրել, ընտրել է կուսակցությունների մեջ իր համար նախընտրելի կուսակցությունը». Արամ Վարդեւանյան

«2018 թվականին հայ ժողովուրդը վարչապետ չի ընտրել, ընտրել է կուսակցությունների մեջ իր համար նախընտրելի կուսակցությունը». Արամ Վարդեւանյան
Իրավունք
12:33, 13 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

Շարունակելով վարչապետի պաշտոնավարման շարունակականության թեման՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց. «2018 թվականին հայ ժողովուրդը վարչապետ չի ընտրել, ընտրել է կուսակցությունների մեջ իր համար նախընտրելի կուսակցությունը»: 

Նրա խոսքով՝ ժողովուրդն ընտրում է Ազգային ժողով: «Մեր առաջարկած փոխվարչապետներից մեկը նույնպես այդ կերպ ընտրված է եղել: Ժողովրդավարության սկզբունքներից առանցքային է նաև իրավական պետության սկզբունքը: Մի նժարի վրա ունենում ենք ժողովրդավարության, մյուս նժարի վրա ունենում ենք իրավական պետության արժեք, դրանք իրար հետ հակասություն ունենալ չեն կարող»: 

Վարդևանյանը նշեց, որ կառավարությունը կարող էր ԱԺ ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն և դներ իր վստահության հարցը: «Եթե այդպես լիներ, մենք այսօր նման հարց չէինք քննարկի, չէինք ունենա այն ծավալուն վարչական ռեսուրսի չարաշահումը, որը տեսանք: Բայց եղավ մեկ անձի կողմից իր ցանկությամբ Սահմանադրության մեկնաբանություն»,- ասաց նա և հավելեց. «Պատկերացրեք՝ ղեկավարը դավաճան է, սահմանադիրը պետք է նրան պաշտոնում պահելու շա՞հ ունենա»:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին. «Ինչո՞ւ պիտի պետության բարձրագույն գործադիր պաշտոնյան լինի մի անձ, որի ո՛չ նշանակման, ո՛չ պաշտոնավարման շարունակականության վրա ո՛չ ժողովուրդը, ո՛չ ԱԺ-ն որևէ լծակ չունի: Ի՞նչ շահ պիտի դրվի սրա տակ»:

Վարդևանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարական տվել, և անընդհատությունը այդ անձն է խաթարել. «Ես դրանում խնդիր չեմ տեսնում. անձը կարող է ունենալ ցանկություն հրաժարվելու պարտականության կատարումից»: