Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատերը մեզ մղելու են այն մտքին, որ խաղաղ զարգացման օրակարգ հնարավոր չէ, բայց այս օրակարգը մենք հետևողականորեն առաջ ենք մղելու. Վարչապետ

Այսօր՝ հունվարի 13-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ 2021 թվականի ընթացքում զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքներում երեխաներ են ծնվել: «Սա շատ խորհրդանշական, արժեքային և գաղափարական նշանակություն ունեցող փաստ է»,- նշեց վարչապետը և իր խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցեց նման որոշում կայացրած բոլոր այդ ծնողներին:

Վարչապետը, անդրադառնալով վերջին օրերին սահմանին տեղի ունեցած միջադեպերին, ասաց. «Ցավոք սրտի, մենք շարունակում ենք սահմանին ունենալ միջադեպեր և զոհեր: Մեր քաղաքականությունն է և Կառավարության ծրագրում էլ նշված է, որ պետք է շարունակաբար բարձրացնել առաջին հերթին մեր երկրի պաշտպանունակությունը: Բայց մյուս կողմից էլ ասել եմ, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են պետք, որովհետև շատ շատերը մեզ փորձելու են մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով և պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր: Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավել ևս 2020 թվականի պատերազմից և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»: