Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ՀՅԴ-ն հրամայե՞լ է լինել ներկա. 1in.am

Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ՀՅԴ-ն հրամայե՞լ է լինել ներկա. 1in.am
Քաղաքականություն
14:48, 07 февраль 2022
ՀՅԴ 131-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը գործնականում վերածվեց նախկին կառավարող համակարգի մոբիլիզացիայի ցուցադրության: Միջոցառմանը մասնակցում էին գործնականում բոլոր այն բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան դեմքերը, որոնք կառավարել են Հայաստանը 1998-ից ի վեր, զբաղեցրել են բարձրագույն պաշտոններ կամ եղել են խորհրդարանական դերակատարներ: Այդ «մոբիլիզացիան» առաջնորդում էին Հայաստանի և Արցախի նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Միջոցառմանը գերակշռող թեման էլ Արցախն էր: Թերևս ավելորդ է հայտնել, որ ելույթները եղել են այն հռետորաբանության շրջանակում, որով աչքի են ընկնում այդ ուժերն ու գործիչները հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում:  Հատկանշական էր հենց «մոբիլիզացիայի» ցուցադրության փաստը: Այն, որ դա ընդգծված ցուցադրություն էր, թերևս վեր է կասկածից: Դա էլ իր հերթին նշանակում է, որ նախկին կառավարող համակարգի լիդերները փաստորեն տեսել են այդ անհրաժեշտությունը: Եվ անհրաժեշտությունը տեսել են թերևս առաջին հերթին հենց այն շերտերի շրջանում, որոնց վրա փորձում են հիմնել իրենց այսպես ասած քաղաքական գործունեությունը: Իսկ պատճառը թերևս այն է, որ այդ շերտերում ամեն ինչ խաղաղ չէ և կա մեծ հիասթափություն «լիդերներից»: Ըստ ամենայնի, այդ նկատառումով էլ փորձ է արվել ՀՅԴ 131-ամյակի միջոցառումը դարձնել համակիրների ոգևորության ակտի առիթ: Սակայն, այդ հանգամանքն ինքնին վկայում է լուրջ խնդիրների առկայությունը, որովհետև համակիրների շերտը այնքան մեծ չէ և այնտեղ տրամադրությունները ձևավորվում են ոչ թե քարոզչական ակցիաներից, այլ ներքին հարաբերությունների բնույթից, դրանց վերաբերյալ անմիջական տեղեկությունների շրջանառումից

Իսկ այդ առումով, առավել խոսուն է օրինակ նույն միջոցառմանը հնչած միտքը, թե Դաշնակցությանը որևէ ուժ կամ գործիչ չի կարող թելադրել որևէ անելիք: Եթե դա ներքին լրջագույն հակասությունների արտահայտություն չէ, ապա մնում է եզրակացնել, որ բոլորին թելադրում է Դաշնակցությունը՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արցախի երկու նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին: Դա էլ գուցե տարբերակ է, որ պետք չէ բացառել, ըստ այդմ չբացառելով, որ Դաշնակցությունը նրանց բոլորին ուղղակի հրամայել է ներկա լինել 131-ամյակի միջոցառմանը: Այդ դեպքում իհարկե հարց է առաջանում, թե է՞լ ինչ հրամանաններ են ստացել ու կատարել Հայաստանի ու Արցախի չորս նախկին նախագահները, մասնավորապես  իրենց պաշտոնավարման շրջանում:

Աղբյուր՝ 1in.am