Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան հարաբերությունները մեզ հետ կկարգավորի, և կկարծենք, թե մեզ համար այլևս վտանգ չի ներկայացնում, բայց Թուրքիան միջամտեց այս պատերազմին, որովհետև Ռուսաստանն էր նրան հրավիրել. թուրքագետներ

Թուրքիան հարաբերությունները մեզ հետ կկարգավորի, և կկարծենք, թե մեզ համար այլևս վտանգ չի ներկայացնում, բայց Թուրքիան միջամտեց այս պատերազմին, որովհետև Ռուսաստանն էր նրան հրավիրել. թուրքագետներ
Քաղաքականություն / Հայաստան
19:31, 10 февраль 2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսման մեկնարկից հետո չեն դադարում խոսակցությունները, թե արդյոք այս փուլում դա բխո՞ւմ է Հայաստանի շահերից, արդյոք թուրքական կողմը նախապայմաններ առաջ քաշո՞ւմ է, թե՞ ոչ, և ի վերջո՝ դա Հայաստանին ի՞նչ է տալիս կամ տալի՞ս է ինչ-որ բան ընդհանրապես, թե՞ ոչ։   

Որոշեցինք մի կողմ թողնել տնտեսական բաղադրիչն ու կենտրոնանալ հարցի անվտանգային և քաղաքական ասպեկտի վրա և թեմայի մասին զրուցեցինք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ, ով նշեց, որ Թուրքիայի հետ խոսակցությունը անհրաժեշտ է, սակայն պետք է նախօրոք կարմիր գծեր քաշվեն, որոնք, ըստ Սաֆրաստյանի, թուրքերը բանակցությունների ընթացքում կդնեն բանակցային սեղանին, և այդ խնդիրներում մենք զիջումներ չպետք է անենք։

«Ես դեմ չեմ, որ բանակցային գործընթաց տեղի ունենա, բայց պետք է այդ կարմիր գծերը չանցնել։ Ցեղասպանությունը ամենակարևոր կարմիր գիծն է։ Իրենք կարող են ասել՝ Ցեղասպանությունը դիտարկեք պատմաբանների քննարկման տիրույթում, որին մենք պետք է ասենք, որ դա պատմաբանների քննարկման հարց չէ, դա պատմական փաստ է, և երկրորդը՝ համոզված եմ, որ Հայաստանը պետք է շարունակի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը, ինչպես դա գրված է մեր Սահմանադրության մեջ»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։ 


Սաֆրաստյանը նշեց, որ բանակցային այս գործընթացը արդեն չորրորդ փորձն է հարաբերությունները կարգավորելու։ Նախորդ երեքը արդյունք չեն տվել, բայց այս դեպքում ունենք աննախադեպ իրադրություն, որ չի եղել նախորդ դեպքերում՝ առաջին անգամ աշխարհի երեք հզոր պետությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և մեր դիվանագիտությունը պետք է օգտագործի այս հանգամանքը։ Պետք է օգտագործել այս փաստը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս ինքը ճանաչի Ցեղասպանությունը։

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց նաև, որ նախորդ երեք փորձերից երկուսում միջնորդը Ամերիկան էր, այս անգամ արդեն նախաձեռնությունը, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայինն է, որը կապված է Թուրքիայի՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականության հետ։ Ռուբեն Սաֆրաստյանը չի կարծում, որ երկխոսությունը տեղի է ունենում գերտերությունների ճնշման տակ։ 

«Թուրքիան փորձում է ունենալ ավելի մեծ դիրք և նշանակություն, քան ուներ մինչ այժմ։ Դրա համար իր համար կարևոր է, որ իր ազդեցության ոլորտի մեջ մտցնի նաև Հայաստանը։ Բանակցությունների նպատակը, եթե ստացվի՝ իհարկե, Հայաստանը իր ազդեցության գոտի ներքաշելն է։ Նրանք ուզում են հարաբերությունները կարգավորել ոչ թե կարգավորելու համար, այլ իրենց նպատակներն իրականացնելու համար։ Կարգավորման այս չորրորդ փուլում Թուրքիան աշխարհաքաղաքական խնդիր է լուծում՝ Հայաստանը ներքաշել իր ազդեցության ոլորտ, որպեսզի ուժեղացնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ թուլացնելով Ռուսաստանին»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ թուրքագետի՝ մեր շահը այստեղ այն է, որ Հայաստանը միշտ ցանկացել է Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, և Հայաստանը երբեք չի ձգտել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, այլ գերխնդիրը եղել է Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ։ 

«Հարցն այն է, որ Թուրքիան հարաբերությունները մեզ հետ կկարգավորի, և կկարծենք, որ Թուրքիան մեզ համար այլևս վտանգ չի ներկայացնում միայն այն պայմաններում, երբ գնանք զիջումների, այսինքն՝ պետք է դրա համար գին տանք»,- անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անվտանգային բաղադրիչին՝ ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։   

Թուրքագետի կարծիքով՝ հիփոթետիկ կարելի է մտածել, որ Թուրքիան և Ադրբեջանը ունեն հակասություններ, որոնց վրա կարող է «խաղալ» Հայաստանը, սակայն իրականության մեջ դա այնքան էլ այդպես չէ, հատկապես «Շուշիի հռչակագրից» հետո։ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ են խորացել, և բազմիցս հայտարարվել է, որ գործընթացները գնում են Ադրբեջանի հետ համաձայնեցված։

«Այս երկու պետությունների ինտեգրումը, կարծում եմ, գնում է Ռուսաստան-Բելառուս մոդելով։ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից ավելի մեծացել է, հատկապես վերջին պատերազմից հետո, և Թուրքիան հետևողականորեն պայքարում է, որ Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա թուլանա: Դրա ապացույցն այն է, որ պատերազմի ընթացքում մեկուսացրին Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետին, որը  ռուսական կրթություն էր ստացել, մինչ այդ արտգործնախարարի պաշտոնից հեռացրին Մամեդյարովին, որը էլի համարվում էր ռուսական գործիչ»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։  
Հակոբ Չաքրյանն էլ կարծում է, որ հարաբերությունների կարգավորումը անվտանգային առումով ոչինչ չի տա, քանզի պատմականորեն գրեթե բոլոր պատերազմներն էլ տեղի են ունեցել սահմանակից հարևանների միջև, ովքեր միմյանց հետ ունեցել են թե՛ բաց սահմաններ, թե՛ դիվանագիտական հարաբերություններ, թե՛ առևտրատնտեսական, իսկ հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմին Թուրքիան միջամտեց, որովհետև Թուրքիային Ռուսաստանն էր հրավիրել։

«Ավելին, հավանաբար խորհուրդ էր տվել, որ վարձկան ահաբեկիչներ էլ բերեն Սիրիայից, որովհետև այդ ահաբեկիչներին հավաքել էին Իդլիբում։ Իդլիբի անմիջական հարևանությամբ էին գտնվում Խմեյմիմ ռուսական ռազմական բազան, ինչպես նաև Տարտուսի ռազմածովային բազան։ Մի քանի հազար մարդուն մի քանի օրում չեն հավաքում, տեղաշարժերի մասին տվյալներն էլ արբանյակը հայտնում է։ Այսինքն՝ եթե Պուտինը թույլ չտար, Թուրքիան չէր մասնակցի, ոչ էլ կկարողանար ներգրավել ահաբեկիչների։ Ակնհայտորեն ռուս-թուրքական պայմանավորվածություն է եղել»,- ասաց Հակոբ Չաքրյանը և հիշեցրեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հարցազրույցը թուրքական թերթերից մեկին, որում վերջինս ասել էր, որ Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունը հրաշալի է ընթանում, և դա առավել արդյունավետ դրսևորվել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ 

 
Վովա Հակոբյան