Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3+3» ձևաչափը թուրքական հերթական հնարքն է՝ տարածաշրջանում իր դիրքը բարձրացնելու և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև խաղ խաղալու համար․ թուրքագետ

«3+3» ձևաչափը թուրքական հերթական հնարքն է՝ տարածաշրջանում իր դիրքը բարձրացնելու և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև խաղ խաղալու համար․ թուրքագետ
Քաղաքականություն
18:37, 07 октябрь 2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ «3+3» ձևաչափ ստեղծելու գաղափարը։ Լավրովը նաև հույս է հայտնել, որ Վրաստանը ևս իր շահը կտեսնի այդ հարթակում։

Civic.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը հիշատակեց, որ երբ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան այդ ձևաչափի մասին հայտարարեց, հղում արվեց դեռևս 2008-2009թթ. Աբդուլա Գյուլի առաջարկած Անդրկովկասյան երկրների միջև ստեղծվելիք պլատֆորմին՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան. «Այդ պլատֆորմը պարբերաբար օրակարգ էին բերում ուղղակի հայտարարությունների տեսքով՝ խաղաղասիրական, տարածաշրջանում կայունության համատեքստում։  Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից այդ ձևաչափի վերաբերյալ հայտարարությանը՝ Ռուսաստանի նպատակն այն է, որ տարածաշրջանում մնա խաղի մեջ և լինի խաղի թելադրողը, թույլ չտա, որ Թուրքիան վերցնի նախաձեռնությունն իր ձեռքը և դրանով նվազեցնի Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում, այսինքն՝ Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Իրան, Ադրբեջան։ Ռուսաստանն այս նախաձեռնությունում կլինի գլխավորող, քանի որ Իրանի հետ իր հարաբերություններն ավելին են, քան Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները, Ադրբեջանի հետ ևս Ռուսաստանն ունի հարաբերությունների բարձր մակարդակ, Թուրքիայի հետ էլ ունի կառուցողական հարաբերություններ, Հայաստանն իր դաշնակիցն է, այսինքն՝ խնդիրը միայն Վրաստանն է։ Եվ Լավրովն իր խոսքում հատուկ Վրաստանին անդրադարձավ՝ նշելով, որ նա ևս այս հարթակում կտեսնի իր շահը»։  

Անդրանիկ Իսպիրյանը վստահ է՝ «3+3»-ը կլինի քաղաքական հարթակ, ավելի ուշ նոր կարող ենք խոսել տնտեսական հարթակի վերածվելու մասին։ 

Հարցին՝ Հայաստանը որևէ շահ ունի՞ այդտեղ, թուրքագետն արձագանքեց. «Երբ տարածաշրջանում բոլոր պետությունները համագործակցեն հավասարը հավասարի դիրքերից, և դա բխի մեկը մյուսի նկատմամբ հարգանքի, իրավունքի տեսանկյունից, բնական է՝ Հայաստանի համար խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում կարևոր են»։    

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ նշեց, որ այս թուրքական նախաձեռնությունը նպատակ ունի Թուրքիայի հնարավորությունները մեր տարածաշրջանում ավելացնելու. «Երկրորդը՝ Թուրքիան, այս նախաձեռնությամբ հանդես գալով, այստեղ մեկ ուրիշ խաղ էլ է խաղում, որովհետև այս նախաձեռնությունը նշանակում է, որ Արևմուտքը դուրս է թողնվում այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում։ Թուրքիան երկակի խաղ է խաղում. մի կողմից՝ Ռուսաստանին ու Իրանին ցույց է տալիս, որ տեսեք՝ ես դուրս եմ թողնում ԱՄՆ-ին, Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին և այլն, բայց մյուս կողմից՝ Թուրքիան արևմտյան երկրներին ցույց է տալու, ասելու է՝ տեսեք, այդ նախաձեռնությունում Արևմուտքը ներկայացնում եմ մենակ ես։ Եվ դա նշանակելու է, որ Թուրքիան Արևմուտքի աչքերում փորձելու է իր նշանակությունն ավելի բարձրացնել՝ ցույց տալով, որ այդ «3+3» ձևաչափում կարող է բարձրացնել Արևմուտքի շահերը»։ 

 
«3+3» ձևաչափը Ռուբեն Սաֆրաստյանը գնահատում է, որպես թուրքական դիվանագիտական հերթական հնարք՝ տարածաշրջանում իր դիրքը բարձրացնելու և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև խաղ խաղալու համար։ 

«2008թ. Թուրքիան հանդես եկավ նմանատիպ նախաձեռնությամբ՝ «3+3» ձևաչափով հարթակ ստեղծելու, բայց 3-րդը այդ նախաձեռնության մեջ ոչ թե Իրանն էր, այլ ԱՄՆ-ն էր։ Այն ժամանակ Թուրքիան չէր վարում այնպիսի քաղաքականություն, որ փորձի Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մեկ այս կողմ, մեկ այն կողմ անել։ Թուրքիան հստակ հանդես էր գալիս որպես Արևմուտքի կողմնակից և դրա համար Իրանին դուրս էր թողել այդ նախաձեռնությունից։ Բայց երբ Էրդողանը մեկնեց Մոսկվա այս ծրագրի շուրջ բանակցելու՝ բանակցությունների արդյունքում պարզվեց, որ «3+3»-ը դառնում է «3+2», այսինքն՝ ԱՄՆ-ը դուրս թողնվեց այդ հարթակից»,- ասաց Սաֆրաստյանն ու համոզմունք հայտնեց, որ դա թուրքական հնարք էր, որպեսզի ռուսներից համաձայնություն կորզեն՝ մասնակցելու այդ նախաձեռնությանը. «Սակայն այդ ժամանակ Ռուսաստանը չգնաց այդ նախաձեռնության իրականացման ճանապարհով, որովհետև ակնհայտ էր, որ Ռուսաստանը չի ուզում իր ազդեցությունը կիսել Թուրքիայի հետ»։ 

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով ներկայիս իրավիճակին, շեշտեց, որ հիմա իրադրությունը փոխվել է. «Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, որոշակի առումով համաձայնեց, որ Թուրքիան առաջին փոքր քայլն անի Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու, երբ համաձայնեց, որ Աղդամում ստեղծվի ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը։ Եվ հիմա Թուրքիան կփորձի «3+3» ձևաչափն առաջ տանել»։ 

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Իրանն այս նախաձեռնության կողմնակիցն է, որովհետև Իրանը դուրս է մղված տարածաշրջանային գործընթացներից և հույս ունի, որ եթե այս նախաձեռնությունն իրականանա, ինքը կվերադառնա Հարավային Կովկաս՝ որպես աշխարհաքաղաքական խաղացող. «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես չեմ կարծում, որ ներկա պայմաններում խանդավառ է այդ նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնությունը նշանակում է, որ Ռուսաստանը սկսում է իր ազդեցությունը կիսել Թուրքիայի ու Իրանի հետ։

Ռուսները շահագրգռված չեն, որ այս նախաձեռնությունն իրականություն դառնա։ Վրաստանը ևս չի համաձայնի այս ձևաչափին, որպեսզի Ռուսաստանի հետ չնստի բանակցային սեղանին՝ հաշվի առնելով Հարավային Օսիայի, Աբխազիայի խնդիրը։ Նույնիսկ եթե ձևաչափն սկսի գործել «2+3» ձևաչափով, չեմ կարծում, որ դա իրական արդյունք կտա տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

Թուրքագետը կարծում է, որ Հայաստանը ներկա պահին չպետք է այս հարցում ակտիվ լինի ու ներգրավվի, այլ պետք է սպասել՝ տեսնելու, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։   

Նարա Մարտիրոսյան