Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական 130 հազարի կարգի զորքերի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ լուրջ է. ցավոք, պատերազմի հավանականությունը հիմա էլ շատ մեծ է. Ստեփան Գրիգորյան

Ռուսական 130 հազարի կարգի զորքերի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ լուրջ է. ցավոք, պատերազմի հավանականությունը հիմա էլ շատ մեծ է. Ստեփան Գրիգորյան
Քաղաքականություն
20:50, 16 февраль 2022
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ զորքերը ռուս-ուկրաինական սահմանից մասամբ հետ քաշելու մասին որոշում է կայացվել։ Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը դեռևս չի տեսել նշաններ, որոնք հաստատում են Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքի մի մասը հետ քաշելու մասին Մոսկվայի պնդումները։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ 

Նա նշեց, որ չի կարծում, որ Ռուսաստանը «բլեֆներ» է անում, Ռուսաստանն իրոք առաջ է տանում իր քաղաքականությունը, որ ԱՊՀ երկրները չպետք է ՆԱՏՕ-ի անդամ դառնան. խոսքն առաջին հերթին Վրաստանի և Ուկրաինայի մասին է։

«Երկրորդը՝ իրենք ասում են, որ ՆԱՏՕ-ի բոլոր այն զենքերը, զինված ուժերը կամ ստորաբաժանումները, որոնք տեղակայվեցին ՆԱՏՕ-ի նոր անդամ երկրներում՝ 1997 թվականից հետո, բոլորը պետք է դուրս բերվեն։ Դա Ռուսաստանի կարևորագույն պահանջներից է։ Խոսքը Լեհաստանի, Բալթյան երկրների, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխիայի, ՆԱՏՕ-ի նոր անդամ երկրների մասին է։ Ռուսաստանը տանում է իր գիծը, ավելացնում է ճնշումը։ Բացի դրանից, այդ պահանջը Արևմուտքի առջև է կանգնած, ու երկրորդը՝ Ուկրաինայի վրա ճնշումը, ավելացնում է զորքը Ուկրաինա-Ռուսաստան սահմանում, բերեց զորքերը Բելառուս, Սև ծովում ռազմանավատորմային զորավարժություններ են ընթանում, Բելառուսում էլ ռուս-բելառուսական զորավարժություններ են. այդ գիծը Ռուսաստանը տանում է։ ՆԱՏՕ-ի և Արևմուտքի պատասխանը գիտեք՝ եթե դուք հարձակվեք, զինված ուժեր մտցնեք Ուկրաինայի տարածք, սկսեք գործողություններ, սանկցիոն քաղաքականություն կկիրառենք»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետի խոսքով՝ տեսնում ենք նաև ինֆորմացիոն պատերազմի տարրեր, օրինակ՝ երբ երեկ հայտարարվեց, որ Ռուսաստանը զինված ուժերի մի մասը դուրս է բերում սահմաններից, ինքը չհավատաց դրան, և հիմա հասկացավ, որ դա ինֆորմացիոն պատերազմի մի մասն է։

Ստեփան Գրիգորյանը նաև ասաց, որ Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ, բայց կան նաև միջազգային խաղի կանոններ, ի վերջո ԵԱՀԿ-ի շրջանակներում 2011 թվականին, այսպես կոչված, «վիեննական պայմանավորվածություններ» են ընդունվել, և թող Ռուսաստանը չընդուներ դա, բայց ընդունեց։

«ԵԱՀԿ-ի սկզբունքները նրանք են, որ ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները իրավունք ունեն իրենք ընտրություն կատարելու որևէ անվտանգային համակարգում։ Ես որքան հասկանում եմ՝ Ռուսաստանն ուզում է այդ սկզբունքները փոխել, ու դա է պատճառը, որ հիմա ճնշումը գնում է։  Պարզ է, այդ բաղադրիչի մեջ Ուկրաինան շատ կարևոր տեղ է  զբաղեցնում, բայց դա միայն մեկ բաղադրիչ է այդ լարվածության մեջ։  Ռուսաստանը և՛ ինֆորմացիոն պատերազմ է տանում, և՛ ուժային ճնշում։ Զորքերի այդպիսի կուտակում՝ մոտավորապես 130 000-ի կարգի, Ուկրաինայի սահմանների մոտ, դա լուրջ է։ Հիմա բերեցին ինժեներական զորքեր, մինչ այդ բերեցին ռազմական հոսպիտալները շարեցին սահմանին, այդ ամենը լուրջ է, և այո՛, ցավով պետք է ասեմ, որ պատերազմի հավանականությունը հիմա էլ շատ մեծ է»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։    
 
Լիլիթ Թադևոսյան