Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր առավոտյան ժամը 7.00-ի տվյալներով խաղաղ բնակչության շրջանում, Ուկրաինայի զինված ուժերում ծառայողների մեջ հայ զոհեր և վիրավորներ չունենք. Ուկրաինայում հայերի միության նախագահի տեղակալ

Այսօր առավոտյան ժամը 7.00-ի տվյալներով խաղաղ բնակչության շրջանում, Ուկրաինայի զինված ուժերում ծառայողների մեջ հայ զոհեր և վիրավորներ չունենք. Ուկրաինայում հայերի միության նախագահի տեղակալ
Քաղաքականություն
12:25, 25 февраль 2022
«Ամբոջ գիշեր Կիևում թեժ մարտեր են ընթացել՝ թե՛ օդային, թե՛ մերձակայքում։ Այս պահին հարաբերական հանգիստ է, բայց ինձ թվում է, որ այսօր թեժ է լինելու, քանի որ հայտարարում են, որ ռուսը կանգնած է հյուսիսային մասից՝ Կիևից, 15-20 կիլոմետր հեռավորության վրա»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի  հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը։ Նա նշեց, որ, դատելով  Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունից, ՌԴ-ն մտադիր է օղակել,  շրջափակել Կիևը և ստիպել ինչ-որ քայլերի գնալ։ 

Իսկ ի՞նչ վիճակում է տեղի հայ համայնքը։ Մկրտչյանի խոսքով. «Օպերատիվ կապի մեջ ենք եղել մեր բոլոր համայնքների հետ, համայնքապետերը կապը պահպանել են իրենց համայնքի անդամների հետ. ովքեր դուրս են եկել արևելքից և ինչ-որ կերպ հասել են կենտրոնական Ուկրաինա կամ արևմուտք՝ ապահովված են ապաստարաններով, ոչ ոք դրսում չի մնացել։ Առավոտյան ժամը յոթին կապ կար մեր համայնքապետերի հետ՝ ուզում էինք հասկանալ, թե որտեղ ինչ վիճակ է, գիշերն ինչ է կատարվել։ Կենտրոնական Ուկրաինայում և արևմուտքում ռմբակոծություններ են եղել։ Նշեմ, որ օդային ճանապարհը  փակ է, երկրի սահմանը հատել հնարավոր չէ,  քանի որ գրեթե բոլոր օդանավակայանները վնասված են։ Երեկ Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը հայտարարեց, թե ՀՀ քաղաքացիները կարող են դուրս գալ դեպի Մոլդովա, սակայն քանի որ այստեղ ռազմական դրություն է հայտարարված և պարետային ժամ է սահմանվել,  22.00-ից մինչև 7.00-ն չի կարելի երթևեկել։ Մի խնդիր էլ կա. եթե, ասենք, Օդեսայից ՀՀ քաղաքացիները կարող են դուրս գալ և մոտ մեկ ժամվա ընթացքում հասնել սահման, ապա Կիևից մոտ 500 կիլոմետր է պետք անցնել՝ սահման հասնելու համար։ Այնպես որ, ոչ բոլորը կարող են օգտագործել այդ առիթը։ Բայց կան մարդիկ, ովքեր երեկ զանգահարել են մեզ ու մտադիր են փորձել  հատել սահմանը։ Մի հանգամանք էլ. ինֆորմացիա կա, որ տղամարդկանց արգելվելու է լքել երկիրը, այդ արգելքը տարածվում է Ուկրաինայի քաղաքացի ազգությամբ հայերի վրա նույնպես։ Լեհաստանն, օրինակ,  այս պահին ընդունում է Ուկրաինայի քաղաքացիներին՝ որպես փախստականների։ Բայց ես ինֆորմացիա չունեմ, թե մեր համայնքից կա՞ն մարդիկ, ովքեր Լեհաստան են գնացել։ Մենք այս հարցը քննարկել ենք մեր համայնքապետերի հետ և երեկ, գիշերը ժամը 22.00-ի տվյալներով, չունենք ինֆորմացիա երկրի սահմանը հատածների մասին։ Գուցե լինեն անհատներ Արևմտյան Ուկրաինայից, որոնք իրենց ընտանիքներով հատում են սահմանը, գուցե Կիևից էլ լինեն, բայց, կրկնում եմ, առայժմ չունենք նման տվյալներ»։  

Պրն Մկրտչյանից ճշտեցինք նաև՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների և վիրավորների մեջ արդյոք կա՞ն ազգությամբ հայեր։ Նրա խոսքով՝ երեկվա և այսօր առավոտյան ժամը 7.00-ի տվյալներով ո՛չ խաղաղ բնակչության շրջանում, ոչ էլ Ուկրաինայի զինված ուժերում ծառայող զինվորականների մեջ զոհեր և վիրավորներ չունենք։ «Փորձեցինք տարբեր միջոցներով կապվել պաշտպանության նախարարության հետ, զոհվածների ցուցակները դեռ կազմվում են։ Բայց դատելով արդեն իսկ հասանելի ինֆորմացիայից, փառք Աստծու, ազգությամբ հայ զոհ չկա։ Ինչ վերաբերում է զոհերի թվին, ապա, երեկ երեկոյան հրապարակված տվյալների համաձայն, զոհվել է  40 մարդ, 120-ից ավելի մարդ էլ  վիրավոր է»։ 

Դատելով ռուս-ուկրաինական  կոնֆլիկտին հաջորդած աշխարհաքաղաքական արձագանքներից՝  հնարավո՞ր է, որ մինչև շաբաթվա վերջ կոնֆլիկտը հանգուցալուծվի։ Մեր զրուցակիցը արձագանքեց. «Դատելով ՌԴ-ի հայտարարությունից՝ իրենք 48 ժամում պետք է հասնեն իրենց նպատակին։ Ուկրաինական իշխանամերձ ԶԼՄ-ներն էլ որևէ կոնկրետ բան չեն հաղորդում՝ կոնֆլիկտը մեկ օր կտևի, թե քանի օր։ Երեկ ռազմական դրություն հայտարարելուց հետո էլ համընդհանուր մոբիլիզացիա հայտարարվեց, նշանակում է՝ 18-ից 65 տարեկան տղամարդիկ վտանգի տակ են։ Խոսքը խաղաղ բնակչության մասին է։ Իսկ ովքեր ուզում են կռվել, նրանք արդեն զինկոմիսարիատներում են ու գրանցվել են որպես կամավորական»,- ասաց Մկրտչյանը՝ միաժամանակ հավելելով, որ այսօր կանխատեսվում է մարտական գործողությունների թեժացում։  

Ուկրաինայում հայերի միությունը, հիշեցնենք, Երևանում շտաբ էր բացել 44-օրյա պատերազմի օրերին, որը գործում էր մինչև 2021 թվականի ամառ։ Միությունը այս ընթացքում աջակցություն է ցուցաբերում պատերազմում վիրավորված և վերականգնողական բուժում ստացող  քաղաքացիներին։  

Հեղինե Մանուկյան