Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացել է ԱՀ և ՀՀ խորհրդարանների համանման հանձնաժողովների համատեղ նիստը

Կայացել է ԱՀ և ՀՀ խորհրդարանների համանման հանձնաժողովների համատեղ նիստը
Քաղաքականություն
18:42, 18 март 2022
Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության և  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների  երկրորդ համատեղ նիստը։

Երկօրյա նիստի ընթացքում խորհրդարանականները քննարկել են  կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին, պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանությանը, Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է կրթության զարգացման ռազմավարությանն ու օրենսդրական բարեփոխումների ուղղություններին՝ հանրակրթության, մասնագիտական և  բարձրագույն կրթության ոլորտներում: 

Փոխնախարարները մանրամասնել են «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի կառուցվածքային առանձնահատկությունները, թիրախային ոլորտները, գործողությունների պլանը, խոսել ակնկալվող արդյունքների ու ծրագրային հիմնադրույթների մասին: 2030 թ. կրթության ոլորտի հիմնական թիրախներից է նախադպրոցական կրթությունը բոլոր բնակավայրերի համար հասանելի դարձնելը:

Օրակարգային հարցերի շրջանակում էր պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանության հարցը: 

Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի բռնազավթման քաղաքականությանն ու վանդալիզմի դրսևորումներին ականատես ենք եղել բազմիցս:Լեռնիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս խնդիրը պետք է լինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ հստակ էթնիկ ինքնության դրսևորումներ ունեցող պատմամշակութային ժառանգությունն այսօր կործանման եզրին է: 

«Մշակութային ժառանգության պահպանություն» հիմնադրամի տնօրեն Սերգեյ Շահվերդյանը կարևորել է արվեստի գործերի շտեմարանների արագ հավաքագրումն ու քարոզչական նպատակով օգտագործումը: 

Սիսակ Գաբրիելյանը հայկական մշակութային արժեքների պահպանման մասով անդրադարձել է առաջիկա քայլերին, կարևորել միջազգային գործընկերների հետ շփումներում խնդրի բարձրաձայնումը: 

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի,սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովները Սիսակ Գաբրիելյանի և Արամ Հարությունյանի նախագահությամբ մարտի 17-ին շարունակել են համատեղ նիստի աշխատանքը: 

Մասնակցել են նաև հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:

Նշվել է, որ Արցախում գործում է ՏՏ ոլորտի 8 ընկերություն։

Որպես առաջին խոչընդոտ ոլորտի զարգացման համար՝ նա շեշտադրել է անգլերենի վատ իմացությունը, ծրագրերի թերի ֆինանսավորումը, մալուխային համացանցի նպատակային սփռման բացակայությունը, ինչպես նաև մասնագետների պակասը:

«Նախատեսում ենք  ՏՏ ոլորտի ընկերություններ ստեղծել շրջկենտրոններում՝ Ստեփանակերտից դուրս»,- ասել է փոխնախարարը: Նա նաև նշել է, որ Արցախում չկա ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման կենտրոն:

Մշտական հանձնաժողովի անդամ, ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը նշել է, որ Արցախի իշխանությունը պատրաստակամ է աջակցել հստակ ծրագրերի իրականացմանը:

Հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչները նույնպես իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակից լինել Արցախի ՏՏ ոլորտի զարգացմանն ու մասնագետների պատրաստմանը։

Նիստի ավարտին մասնակիցներն այցելել են Երևանի ԱՐՄաթ լաբորատորիա:

Այցի շրջանակներում մարտի 17-ին Արցախի հանձնաժողովականները եղել են  նաև «Էվրիկա» դպրոցում, որտեղ գտնվում է ԱՐՄատ լաբորատորիաներից մեկը և «Իրական» դպրոցում։ Տեղում պատգամավորները ուսումնասիրել են դպրոցի  կրթական ծրագիրը։ Քննարկել են Արցախի ՇՏՀ-ում «Իրական» դպրոցի կրթական ծրագրի մոդելը կիրառելու մասին հարցերը։

Մարտի 18-19 –ը Արցախի ԱԺ ԳԿՄՍԵ հանձնաժողովի անդամները մասնակցելու են Աղվերանում կազմակերպվող   ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծով՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման իրավական կարգավորումները» թեմայով քննարկումներին։