Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրաձայնեց ՌԴ խաղաղապահների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունը

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրաձայնեց ՌԴ խաղաղապահների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունը
Քաղաքականություն
19:44, 19 апрель 2022
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն հրավիրելու համար:

Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ:

Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

Պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ Ձեր առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը և թվում է` պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ:

Իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք: Իսկապես, իմ այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ: Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Ամփոփելով` Վլադիմիր Պուտինն ասել է. «Դուք հիշատակեցիք մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը, մեզ մոտ Ձեր այցի և դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, իսկ Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Կարծում եմ` սա նույնպես մեր ուշադրությունը կգրավի այս հանդիպման ընթացքում»: