Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնհայտ է եկեղեցու տարբերակված մոտեցումը․ Ընդդիմության հանրահավաքին հոգևորականներ են միացել՝ հանդարտություն պահպանելու համար, մինչդեռ Մարտի 1-ին եկեղեցին լուռ էր․ իրավապաշտպան

Ակնհայտ է եկեղեցու տարբերակված մոտեցումը․ Ընդդիմության հանրահավաքին հոգևորականներ են միացել՝ հանդարտություն պահպանելու համար, մինչդեռ Մարտի 1-ին եկեղեցին լուռ էր․ իրավապաշտպան
Քաղաքականություն
16:58, 01 май 2022
Այսօր՝ մայիսի 1-ին, ընդդիմության հանրահավաքին՝ «Դիմադրության շարժմանը», ներկա են լինելու նաև հոգևորականները՝ Հայաստանի տարբեր մարզերից։ 

«Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար»: Այս մասին արդեն իսկ հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Civic.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ընդգծեց, որ 2008թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ՝  ոչ եկեղեցին, ոչ քահանաները ինչ-որ կերպ չեն արձագանքել կամ հայտնվել այն տեղերում, որտեղ ակնհայտորեն տեղի  ունեցող գործողությունների հետևանքով մարդիկ էին վնասվում կամ տուժում․

«Եվ այս տեսակետից իհարկե ակնհայտ է եկեղեցու տարբերակված մոտեցումը՝ դեպքերին արձագանքելու, էլ չեմ խոսում անմիջական մասնակցություն ունենալու առումով։ Իհարկե, եկեղեցին անջատ է պետությունից, եկեղեցին որպես ինտիտուտ, որպես կառույց քաղաքական գործընթացներում անմիջական մասնակցություն չպետք է ունենա, բայց կարող է իհարկե իր վերաբերմունքը, դիրքորոշումն արտահայտել՝ քրիստոնեական արժեհամակարգից ելնելով։ Բայց հարց է առաջանում, իսկ եկեղեցին որտեղից գիտի, որ պետք է լինեն ընդհարումներ, որ ի սկզբանե նբերգրավվում են»-ասաց Սաքունցն ու մեկնաբանեց, որ այսպիսի վարքագծի դրսևորումներից ենթադրելի է, որ եկեղեցին ամեն ինչից տեղյակ է․ «Հակառակ դեպքում ինչու պետք է մասնակցեն, իսկ եթե մասնակացում են՝ նշանակում է մասնակից են դառնում այդ քաղաքական պրոցեսին։ Ակնհայտ է, որ անկախ դիտորդի մոտ համոզմունք է առաջանում, որ այս պահին եկեղեցին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այդ մարդկանց գլխավորած շարժման մասնակիցն է և համախոհն է»։

Արթուր Սաքունցը կրկին հիշատակեց, որ Մարտի 1-ի դեպքերին եկեղեցին ընդհանրապես լուռ էր, մինչև Մարտի 1-ն էլ ընդդիմության հավաքներին, երբ, որ նրանց մասնակիցների նկատմամբ ուղղակի բռնություներ էին գործադրում՝ նույնպես լուռ էին։ Իրավապաշտպանը հավելեց նաև, որ  2003թ․ մարտի 5-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունից մեկ տարի անց՝ 2004թ․ապրիլի 12-ին, երբ Սահմանադրական դատարանի կողմից վստահության հանրաքվե էր նշանակված և Բաղրամյան պողոտայում ժողովուրդը ծեծի էր ենթարկվում՝ եկեղեցին կրկին չէր արձագանքում։   
       
Մենք կապ հաստատեցինք նաև Մայթ Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթեյանի հետ։ Տեր հայրն ընդգծեց, որ եկեղեցին այսօր կմասնակցի հանրահավաքին՝ ինչպես նախորդ բոլոր պարագաներում, երբ նման իրավիճակ է եղել՝ կոչ անելով և հորդորելով մարդկանց պահպանելու հանդարտություն՝ չտրվելու սադրանքներին․ «Եկեղեցին մասնակցել է նաև 2018թ․ ցուցերին՝ նույն կոչով և առաքելությամբ»,-ասաց նա։
 
Նշենք, որ Մայր Աթոռից այսօր հորդորել են հանրահավաքի մասնակիցներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանդես բերել զգոնություն ու խիստ պատասխանատվություն և զերծ մնալ սադրանքներին տրվելուց:

Տեր Եսայի քահանա Արթեյանի խոսքով՝ այսօրվա հանրահավաքին կլինեն հոգևորականներ Հայաստանի տարբեր մարզերից, սակայն տեղյակ չէ՝ արդյոք Արցախի թեմից ևս կմիանան իրենց, թե ոչ։ 

Մեր հարցին՝ 2008թ․-ին և 2004թ․-ին արդյոք եկեղեցին մասնակցություն ունեցել է հանրահավաքներին՝ Տեր Եսայի քահանան նշեց, որ ավելին չի մեկնաբանում։ 
 
 
Նարա Մարտիրոսյան